Բաժիններ՝

Իսկ որտե՞ղ էին պարեկները. «Կինո Մոսկվայի» մոտ հնչած կրակոցների հետքերով

Սեպտեմբերի 24-ին Երևանի կենտրոնում հնչած կրակոցների դեպքի փաստով դեռ ձերբակալված անձինք չկան։ Այս մասին 168.am-ին տեղեկացրել են ՀՀ Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ shamshyan.com-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվայի» հարևանությամբ, կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։

Վիրավորները տեղափոխվել էին հիվանդանոց, ուր նրանց վիրահատել էին, սակայն, դժբախտաբար, տղաներից մեկի կյանքը փրկել չէր հաջողվել. 23-ամյա երիտասարդը ստացված վնասվածքներից մահացավ հիվանդանոցում: Վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին եղել:

Ըստ մեր տեղեկությունների՝ կրակոցներ արձակած անձը, ում տվյալները չենք հրապարակում նախաքննության շահերից ելնելով, գտնվում է փախուստի մեջ:

Փաստի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Աբովյան 3/1 հասցեում գործող «ԷՎՆ» սրճարանում առաջացող վիճաբանության ժամանակ, որն այնուհետև շարունակվել է սրճարանից դուրս՝ Աբովյան 5 և 7 հասցեների միջև ընկած միջանցիկ ճանապարհին, որտեղ էլ անհայտ անձը դեռևս չպարզված տեսակի հրազենից մի քանի անգամ կրակոցներ է արձակել Ս. Մելիքյանի և Ա. Խաչատրյանի ուղղությամբ։

Դեպքի վայրի զննությամբ քննիչները հայտնաբերել էին արնանման հետքեր, 3 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճ և 2 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ։

Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ հավանաբար այսօր արդեն հետախուզում կհայտարարվի կրակոցներ արձակած անձին հայտնաբերելու համար. կտարածվի հաղորդագրություն:

Դեպքի հանգամանքների մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ողբերգական ելքով նշված վիճաբանությունը րոպեներ չի ընթացել, շարունակվել է տևական ժամանակ, սակայն որևէ տեղ հիշատակություն չկա այն մասին, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ միջամտած լինեին դրան:

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, գիշերային ժամերի, իսկ քաղաքի այդ հատվածում, համենայն դեպս, եռում է գիշերային կյանքը: Արդյո՞ք իշխանությունների ու մերձիշխանական շրջանակների կողմից այնքա՜ն գովերգված պարեկապահակային նոր ծառայության համար սա կարևորություն չունեցող հատված է, որ ոչ մի ծառայող այդ ժամին այդտեղ չի եղել, այն հատվածում, ուր բազմաթիվ ռեստորաններ ու սրճարաններ, երիտասարդների համար նախատեսված ժամանցի այլ վայրեր կան:

Եվ սա՝ այն դեպքում, որ համենայն դեպս վերջին մի քանի ամիսների ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնին հարող այդ տարածքն իսկական Սիցիլիա է հիշեցնում՝ տարատեսակ հարաբերությունների պարզման ամենատարբեր դրվագներով ու դրանց ողբերգական ավարտներով:

Գուցե փրկվեր երիտասարդ տղայի կյանքը, եթե տարածքում որևէ ոստիկան լիներ կամ պարեկ, ով ձեռքերն անիմաստ թափահարելու ու իրապես վթարային իրավիճակ ստեղծելու փոխարեն՝ կփորձեր կանխել ողբերգությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 2-ի առավոտյան՝ 10։50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, տղամարդու դի կա։

Սպանվածը մահացել էր ատրճանակի կրակոցներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս