Տպավորություն է, որ մասնակցում ես իրավունքի ցնցող խախտումներով դատավարության. ակնհայտորեն  հատուկ տրամադրվածություն կա Արմեն Գևորգյանի նկատմամբ… փաստաբան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը, որով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ունի 2 նոր պաշտպան՝ փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Լուսինե Սահակյանը։

Նիստի ընթացքում Արմեն Գևորգյանը ցանկություն հայտնեց հայտարարությամբ հանդես գալ՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով երկրից մեկնելու համար դատարանին ներկայացրած թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու առնչությամբ։ Սակայն դատավոր Դանիբեկյանը թույլ չտվեց ընթերցել հայտարարությունը։ Արմեն Գևորգյանն առարկեց, իսկ պաշտպան Լուսինե Սահակյանը փորձեց ինքը ներկայացնել այդ հայտարարությունը, դատավորը նրան ևս թույլ չտվեց։ Աննա Դանիբեկյանը հրահանգեց նույնիսկ խոսափողը վերցնել փաստաբանի մոտից՝ հայտարարելով, թե առանց խոսափողի էլ փաստաբանի ձայնը լսելի է։ Ապա դատավոր Դանիբեկյանը, առանց փաստաբանին լսելու, որոշում կայացրեց 1 շաբաթ «ողջամիտ ժամկետ» տրամադրել Լուսինե Սահակյանին՝ գործի նյութերին ծանոթանալու համար, ու դատական նիստը հետաձգեց:

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Լուսինե Սահակյանը նշեց, որ իր 25 տարվա պրակտիկայի ընթացքում չի հանդիպել այնպիսի դեպքի, երբ դատավորին հորդորի, որ չխախտի պաշտպանյալի իրավունքները:

«Երբ այս դատավարության ընթացքին հետևում ես կողքից, դա մի տպավորություն է, բայց երբ մասնակցում ես մի դատավարության, որտեղ տեսնում ես այս աստիճանի իրավունքի խախտումներ, սա ուղղակի ցնցող է: Ես ասեմ, որ 25 տարի փաստաբան եմ հանդիսանում, այսպիսի բան իմ պրակտիկայում չի եղել: Ես փորձում էի հորդորել դատարանին, որպեսզի դատարանը չշարունակի իրավունքների խախտումը: Եվ ես այստեղ հասկանում եմ, որ ակնհայտորեն դատարանն ունի հատուկ տրամադրվածություն: Բացի այն, որ մենք գիտենք, որ այս գործն ինքն իրենով քաղաքական բնույթ ունի, բայց դատարանի առանձնահատուկ վերաբերմունք կա Արմեն Գևորգյանի նկատմամբ…

Կա լուրջ խնդիր, որ դատավորը չի կարողանում իր դատավոր դիրքում մնալ, որովհետև ինքն ակնհայտ վիրավորվածություն ունի համապատասխան քրեական գործ հարուցելու հետ կապված, և նա շարունակում է դա իրականացնել: Ինձ թվում էր, որ միգուցե նոր դեմք տեսնելով՝ նա իր վարքը կփոխի, բայց փաստորեն ինքն իր վարքը չփոխեց: Առաջին անգամ իմ 25 տարվա պրակտիկայում իմ ձեռքից խլել են խոսափողը: Դատավորը, խլելով խոսափողը, ասում է՝ «դե, բարձր ասեք, Ձեր ձայնը լսելի է»: Այսպիսի բանն ուղղակի աննորմալ է»:

Ապա փաստաբանը սկսեց թվարկել դատավոր Աննա Դանիբեկյանի թույլ տված խախտումները.

«Դատարանը քննարկեց միջնորդություն, իբրև թե իմ՝ հետաձգման միջնորդությունը՝ չլսելով իմ միջնորդությունը: Բացի այն, որ նա հայտարարությունը չլսեց, առարկեց ներկայացնել առարկությունները, նաև միջնորդություն չլսեց և արտառոց մի որոշում կայացրեց. դատավորը գտավ, որ 1 շաբաթվա ընթացքում ես պետք է ծանոթանամ ավելի քան 80 հատոր քրեական գործին: Ես զարմանում եմ, ես, անկեղծ ասած, չեմ պատկերացնում, որ այս երկրում, ընդհանրապես երկրագնդի վրա, ով ունի այդպիսի հնարավորություն, 1 շաբաթվա մեջ երկու օրը ոչ աշխատանքային օր են, 5 օրվա ընթացքում ծանոթանալ, կարծեմ թե, 88 հատորին: Ակհայտ է, որ հաջորդ դատական նիստը չի կարող կայանալ զուտ այն պատճառաբանությամբ, որ, բնականաբար, պաշտպանը ծանոթ չի լինելու քրեական գործի նյութերին, և այստեղ տպավորություն է, որ դատարանը ուղղակի ցանկանում է ինչ-որ կոնկրետ գործողություններ կատարել, այսինքն՝ դատավարության կոնկրետ ինչ-որ ընթացք ունի իր համար գծված և նա ցանկանում է այդ ընթացքով գնալ:

Այդ ընթացքում ինչքան իրավունք կխախտի, ում իրավունքը կխախտի՝ իրեն հետաքրքիր չէ, ամենևին, բայց մենք, անկեղծ ասած, այդպես չենք պատրաստվում աշխատել: Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ իրավունքները և իմ պաշտպանյալի իրավունքները խախտվեն: Իմ մոտ տպավորություն է, որ դատավորը ցանկանում է, որ պարոն Գևորգյանն ընդհանրապես պաշտպան չունենա, որովհետև իրեն հարգող ոչ մի պաշտպան չի կարող նստել այս դատավարությանը, շարունակեն խախտել իր ու իր պաշտպանյալի իրավունքները, իսկ ինքը լռելյայն նստի: Խոսափողը վերցնեն՝ ինքը նստի, ձայնի իրավունք չտան՝ ինքը նստի, իրավունքներ չթողնեն իրացնելու, գոնե առնվազն գործի նյութերին ծանոթանալու՝ ինքը նստի»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս