Փախտականներն ահաբեկչական սպառնալիք են ներկայացնում. Լեհաստանի ՆԳՆ
Բելառուսա-լեհական սահմանի վրա ձերբակալված բազմաթիվ անօրինական միգրանտներ ահաբեկչական սպառնալիք են ներկայացնում: Այդ մասին Լեհաստանի ՆԳ նախարար Մարիուշ Կամինսկին սեպտեմբերի 27-ին լրագրողներին հայտարարել է Վաշինգտոնում:
«Օգոստոսի սկզբից ի վեր հայտնաբերվել էԷ սահմանի անօրինական հատման 9400 փորձ: Դրանցից 8200-ը հաջողությամբ կասեցվել է: Շուրջ 1200 անօրինական միգրանտներ ձերբակալվել եւ տեղավորվել են պահպանման կենտրոններում: Նրանցից շատերը ոչ մի փաստաթուղթ չունեն, ոմանք կեղծ փաստաթղթեր ունեն»,-ասել է Կամինսկին: Նա ճշտել է, որ նրանց երկու երրորդի նկատմամբ սկսվել է «հատկապես մանրամասն ստուգման» ընթացակարգ: «Յուրաքանչյուր տասներորդը, հավանաբար, կապ ունի ահաբեկչական կազմակերպությունների, կոնդրաբանդայի, այլ հանցագործությունների հետ, մի մասն ավելի վաղ կապված են եղել ուժային կառույցների կամ այլ կազմակերպությունների հետ»,-հայտարարել է նախարարը:
Միեւնույն ժամանակ Կամինսկին պատմել է, որ մինչեւ ներկա ժամանակներս մանրամասնորեն ստուգել են 200 անօրինական միգրանտների: Նրա խոսքով՝ նրանցից շատերը ոչնչացրել են իրենց հեռախոսների տվյալները, բայց լեհ մասնագետներին հաջողվել է դրանք վերականգնել: Նախարարի տվյալներով՝ 200 ստուգված մարդկանցից 50-ը մասնակցել են մարտական գործողություններին: Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարել են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին եւ պաշտոնական Մինսկին մեղադրել միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:
Ստեղծված իրադրության կապակցությամբ Լեհաստանի նախագահն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Բելառուսի հետ սահմանային տարածքներում, սահմանի պահպանման գործում ընդգրկվել են բանակը եւ ոստիկանությունը: Արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամկետը ավարտվում է հոկտեմբերի 2-ին, բայց կարող է երկարացվել նախագահի որոշմամբ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»: Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են, որ Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում են բելառուսական տարածք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: