Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմը կվերաճի աղետի

Անոտացիա

Թուրքիան, դաշնակիցներ ունենալով ոչ միայն Ադրբեջանն ու Վրաստանը, իր անդրօվկիանոսյան պատրոն Ջոզեֆ Բայդենին սիրաշահելու համար, Ադրբեջանին սադրում է նոր ռազմական ագրեսիայի այժմ արդեն Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ պատերազմի սանձազերծման համար տեղեկատվական ֆոնը գործի է դրվել լրիվ թափով ինչպես Ադրբեջանի լրատվամիջոցներում, այնպես էլ ինտերնետում։ Ընդ որում՝ Հայաստանի սորոսյան մաս-մեդիաները խնդիր են դնում Ռուսաստանի վարկաբեկումը՝  կեղծ մեղադրանքներ ներկայացնելով Հայաստանի հանդեպ իր դաշնակցային գործառույթները չկատարելու մասին։

Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ շատ դժվար կարողացա գրել այս հոդվածը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) թուրքական ԶՈւ սպաների կողմից ղեկավարվող ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ), սիրիական վարձկան ահաբեկիչների գազանությունների մասին հիշողությունները նորովի արթնացան իմ մեջ Ադրբեջանի նախագահի ծայրահեղ անպատկառ ելույթի (վիդեոձևաչափով) ընթացքում 2021թ. սեպտեմբերի 23-ին ՄԱԿ Գերագույն վեհաժողովի 76-րդ նստաշրջանում։ Ես անհամբերությամբ սպասում էի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ մտովի հույս փայփայելով, որ ս.թ. սեպտեմբերի 24-ին, այսինքն՝ Ադրբեջանի նախագահի ելույթի հաջորդ օրը ելույթ ունենալով՝ Նիկոլ Վովաևիչը իր ծանրակշիռ և համոզիչ փաստարկներով կբացահայտի ափշերոնյան սուլթանի ասածների ամբողջ կեղծությունն ու զրպարտչական բնույթը։

Ավելին, իր ելույթով (որը նույնպես վիդեոձևաչափով էր) նա կզրոյացնի հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային շահերին իր՝ Նիկոլ Փաշինյանի դավաճանելու ՀՀ քաղաքացիների լուրջ կասկածները։ Կչեղարկի Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) պայմանավորված բնույթի մասին ամրացած ու դեռևս ոչ մեկի կողմից չհերքված փաստերը, ինչի վառ օրինակը անառիկ ամրոց-քաղաք Շուշիի հանձնումն էր։ Նյարդային համակարգս դաժանագույն փորձության ենթարկելով՝ մինչև վերջ լսեցի ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի ելույթները։

Առաջինը, ինչի մասին մտածեցի, այն էր, որ միմյանց համար համակրելի դարձած Ալիևն ու Փաշինյանն արդեն ստեղծված ավանդույթով, ըստ երևույթին, նորից հասել են անդրկուլիսյան պայմանավորվածության, դիցուք. գնահատական տալով անցած Ղարաբաղյան պատերազմին՝ Ալիևը լիովին խեղաթյուրում է ադրբեջանա-թուրքական հրոսակների և սիրիական վարձկան ահաբեկիչների կատարած ռազմական հանցագործությունների էությունը՝ դրանք վերագրելով հայկական կողմին։ Իսկ Փաշինյանը, մեկ օր հետո ելույթ ունենալով, միայն պատմեց այդ մասին՝ համարժեք չարձագանքելով իրենց ընտանիքներն ու տները պաշտպանող արցախցի մարտիկների հասցեին հնչեցված մեղադրանքների դատախազ երևակայող ափշերոնյան սուլթանին։ Դրանով իսկ Նիկոլ Վովաևիչը փաստորեն համաձայնեց Ալիևի զազրելի զրպարտության հետ և ասես ընդունեց արցախցիների մեղքը, որոնք ուխտադրուժ ագրեսիայի էին ենթարկվել ադրբեջանա-թուրքական հրոսակների և սիրիական վարձկան ահաբեկիչների կողմից։ Լսելով Փաշինյանի ելույթը՝ տպավորություն էր ստեղծվում, թե նա բնավ չէր ջանում դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսորների և սիրիական վարձկան ահաբեկիչների չարագործությունները, նրա համար ավելի կարևոր էր խաղաղասեր քաղաքական գործչի պատմուճանով հանդերձավորվելը, որը խաղաղության ջատագովն է Հարավկովկասյան տարածաշրջանում։

Որպեսզի ընթերցողին հասկանալի լինի, թե ինչու եմ նման շեշտադրումներ անում, հղում կատարեմ որոշ փաստերի պատերազմի այն տագնապալի օրերի իրադարձությունների մասին։ Այսպես, 2020թ. հոկտեմբերի 15-ին «РУССКАЯ ВЕСНА» ինտերնետ-պարբերականը հրապարակեց հոդված՝ «Հրեշավոր գազանություններ. Ղարաբաղում կտրում են գլուխներ և գնդակահարում հայերի» վերնագրով (https:// rusvesna.ru/news/1602772565)։ Մեջբերումներ կատարեմ այդ հոդվածից, որոնք առանց ցնցվելու կարդալն անհնար է թվում։ «Ցանցում տարածվում են հրեշավոր կադրեր՝ նկարահանված Լեռնային Ղարաբաղում։ Դրանցից մեկում ահաբեկիչները (լեզուս չի պտտվում նրանց զինվորական անվանել) կտրում են հայ զինվորների գլուխները և վայրի տեղաբնիկների նման՝ «հաղթավարով» նկարվում տեսախցիկների առջև»։

Մյուս կադրերում «օկուպացված Ղարաբաղի ազատարարները» ծաղրում են գերի հանձնված երկու հայ մարտիկներին՝ մի երիտասարդի և տարիքով տղամարդու։ Նրանց վիրավորում են, ծեծում, հետո կապում՝ վրաները գցելով հայկական դրոշները և տեսախցիկի առջև գնդակահարում ինքնաձիգներից՝ կապված և անզեն մարդկանց։ Ահա թե ինչպես է մեկնաբանել կատարվող գազանությունը «КП.ру»-ի հայտնի ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը. «Ինձ տեսանյութ են ուղարկում, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գերի վերցնում, իսկ հետո գնդակահարում երկու հայ զինվորի։ Դե, որպես զինվոր մեկը երիտասարդ է, մյուսը՝ լրիվ ծերունի, ալեհեր կարճ մորուքով։ Նրան վայրենաբար քարշ են տալիս բուշլատից ու գցում գետնին։ Հարգանք սպիտակ մազերի հանդե՞պ։ Չէ, նման բան չենք լսել… Նրանց նստեցնում են ճաղերին՝ վրաները գցելով հայկական դրոշները և երկար կրակում ինքնաձիգներից՝ ակնհայտորեն վայելելով իրենց արածը։ Սրանք կենդանիներ չեն։ Կենդանիները չեն սպանում հանուն վայելելու։ Սրանք մարդ չեն… Ինչո՞ւ նկարել նման բան, որպեսզի տանը կնոջ առաջ պարծենա՞ն իրենց կտրիճությամբ։ Երեխաների՞ն ցույց տան՝ տե՛ս հայրդ ինչ հերոս է։ Հասկանալի է՝ սա սարսափեցնելու ակտ է։ Այլապես այն չէին նկարի տեսախցիկով ու ցանցում չէին դնի։ Եվ իհարկե, սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի։ Ինչպես և ցանկացած այլ ռազմական հանցագործություն»։

Կարելի է հայերի հանդեպ ադրբեջանցի զինվորականների և սիրիական վարձկան ահաբեկիչների գազանությունների տասնյակ այլ օրինակներ բերել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի մի ամբողջ շարք նորմերի աղաղակող խախտումներ են։ Եվ այս ֆոնին ափշերոնյան սուլթանը ՄԱԿ Գերագույն վեհաժողովի 76-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարում է. «Կառավարության կողմից խրախուսվող ադրբեջանատյացությունը Հայաստանում աճում է։ Հայ հասարակությանը սերմանվող ռասիստական գաղափարաբանությունը՝ կառուցված էթնիկական ատելության և թշնամանքի վրա, ընկած է էթնիկ զտման և անասելի վանդալիզմի հիմքում անցյալում Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներում»։ Եվ սա ասում է մեկը, ով 2012թ. օգոստոսի 31-ին իր հրամանագրով ներում շնորհեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, որը 2006թ. Բուդապեշտում դատապարտվել էր ցմահ բանտարկության քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար (2004թ.), որը նրա հետ միասին դասընթացների էր մասնակցում ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։ Ավելին, ափշերոնյան սուլթանը, որը նշավակում է Հայաստանը «ռասիստական գաղափարաբանություն սերմանելու» համար, Ադրբեջանում կազմակերպել էր այդ մարդասպանի դիմավորումը որպես ազգային հերոսի՝ նրան նվիրելով բնակարան և մայորի աստիճանի բարձրացնելով նրա կոչումը՝ ութ տարվա (որոնք նա անցկացրել էր բանտում) աշխատավարձի վճարմամբ։

Հայաստանի հասցեին արված զրպարտչական մեղադրանքները ափշերոնյան սուլթանի կողմից կազմում էին նրա ելույթի բովանդակությունը։ Եվ սա՝ այն պայմաններում, երբ, օրինակ, 2020թ. նոյեմբերի 10-ին ИНОСМИ.РУ ինտերնետ-պարբերականը հրապարակել էր հոդված՝ «Le Point (Ֆրանսիա). Լեռնային Ղարաբաղում ֆոսֆորային զենքի օգտագործման տեսաապացույց» վերնագրով, որում հոդվածի հեղինակը՝ Ժիլ Բադերը (Gilles Bader), մասնավորապես, գրում էր. «Ադրբեջանական ուժերը ղարաբաղյան ճակատում օգտագործել են սպիտակ ֆոսֆոր, բոցավառող զենք, որը կարող է առաջ բերել խոր այրվածքներ։ Այս մասին ամսագրին (Le Point – խմբ.) պատմել է ֆրանսիացի բժիշկը, որը վիրահատում է վիրավոր հայ զինվորներին։ Փաթրիկ Քնիպերը (Patrick Knipper) փարիզցի վիրաբույժ-օրթոպեդ է և լուրջ այրվածքաբան։ Ներկա պահին նա Երևանում է, ֆրանսիական առաքելության շրջանակում, որը օգնություն է ցուցաբերում տեղի բժիշկներին ճակատից բերված վիրավորներին բուժելու հարցում։

Նա հավաստիացնում է, որ 19-ամյա զինվորը, որը երևում է «Փուենի» լրագրողների նկարահանած տեսանյութում Երևանի Վերականգնողական կենտրոնում, տուժել է ֆոսֆորային զենքի կիրառումից ճակատում, Մարտունուց ոչ հեռու (Մարտունու շրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական միավոր է – Ա.Գ.) մեկ շաբաթ առաջ։ Շատ են այրվածքներով մարդիկ (…), որոնք նկարագրում են՝ ասես երկնքից թափվող անձրև,- բացատրում է բժիշկ Քնիպերը։ Այս ամենը հստակ վկայում է ֆոսֆորի առաջացրած այրվածքների մասին։ Այդ վերքերը շարունակում են մեծանալ, դրանք շատ խորն են (…)։ Բացի այդ, այրվածքներ ունեցող բոլոր պացիենտների մոտ  նկատվում է հիպոկալցիեմիա (…), որը նույնպես ֆոսֆորային այրվածքների հստակ նշան է։ Դրանք երրորդ աստիճանի բավական խոր այրվածքներ են՝ մետաբոլիկ խանգարումներով (…) և բնորոշվում են արագ վրա հասնող մահով»։ Հիպոկալցիեմիան կալցիումի պակասն է արյան մեջ, «որը կարող է հանգեցնել մահացու ելքի» (inosmi.ru/politic/20201110/248507407.html)։

Նշենք, որ դեռևս Ղարաբաղյան պատերազմի օրերին (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տարածել էր տեսակադրեր ռազմական գործողությունների թատերաբեմից, որտեղ հստակ երևում է ադրբեջանական կողմից ֆոսֆորական զենքի օգտագործման տեսարանը, և այդ տեսանյութը հետագայում հեռարձակվեց տասնյակ ինտերնետ-հեռուստաալիքներով։ Օրինակ, 3600 հեռուստաալիքում 2020թ. հոկտեմբերի 31-ին (youtube.com/watch?v=Pyr32Jai7rg), կամ էլ «ՊոլիտՍիգնալ» ինտերնետ-հեռուստաալիքն իր կայքում տեղակայել էր տեսանյութ՝ «Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր օգտագործելու մեջ» վերնագրով (youtube.com/watch?v=02_TVmXx7rC8), որտեղ հստակ ցույց է տրված Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի օգտագործումը։ Կարելի էր շարունակել ինտերնետ-հեռուստաալիքների տեսանյութերի ցանկը, որոնք համոզիչ կերպով վկայում են Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների կատարման մասին՝ ֆոսֆորական զենքի օգտագործմամբ, սակայն, կարծում եմ, դրա կարիքը չկա, քանզի խոսուն վկայությունների բազմաթվության հավաստիությունը ափշերոնյան սուլթանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների մասին միջազգային իրավունքի ոլորտում իրեն հարգող ոչ մի միջազգային կազմակերպության կասկած չի հարուցում։ Ի դեպ, ոչ մի հերքում չի ստացվել տողերիս հեղինակի հասցեով, որը 2021թ. սեպտեմբերին թեման շոշափել է իր հոդվածներում։

Այսպես, «Փաշինյանի պողպատյա մանդատը՝ հայոց պետականության կործանման գործիք» հոդվածում, որը հրապարակվել է ռուսաստանյան հեղինակավոր REGNUM տեղեկատվական գործակալությունում, տողերիս հեղինակը գրել է. «…Ո՞ւր էին նայում հայ ժողովրդի՝ սահմանից այն կողմ գտնվող բարյացակամները, երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ադրբեջանական հրոսակախմբերն օգտագործում էին ՄԱԿ ամեն տեսակ կոնվենցիաներով արգելված ֆոսֆորային ռումբեր, ինչո՞ւ էին նրանք բոլորը բերանները ջուր առել, երբ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն, հարգարժան Սերգեյ Եվգենևիչ Նարիշկինը պատերազմի առաջին իսկ օրերին հայտարարեց ղարաբաղյան ճակատում մարտական գործողություններին ավելի քան երկու հազար սիրիական վարձկան ահաբեկիչների մասնակցության մասին, իսկ ռուսական մաս-մեդիաներն, ի ապացույց այդ պնդումների, ցուցադրում էին վավերագրական կադրեր Թուրքիայի տարածքից Ադրբեջան ահաբեկիչներ նետելու, հետագայում նրանց մարտական գործողությունների գոտի ուղարկելու մասին»։

Հետո ավելի հետաքրքիր է։ 2021թ. սեպտեմբերի 16-ին REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակվեց նաեւ տողերիս հեղինակի հոդվածը՝ «Հայաստանը նոր պատերազմի շեմին է» վերնագրով, որում, մասնավորապես, նշվում էր. «Հատկանշական է նաև մեկ այլ փաստ, որ Ադրբեջանում թուրքական ռազմական ներկայացուցչության ղեկավար է նշանակվել Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետ, գեներալ Բահթիյար Էրսայը, այո, այո, հարգելի ընթերցող, այն նույն գեներալ Էրսայը, որը փաստորեն ղեկավարում էր Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբը, որոնք 2020թ. սեպտեմբերի 27-ին պատերազմ սանձազերծեցին Արցախի Հանրապետության դեմ։ Այն նույն գեներալ Էրսայը, որը ղարաբաղյան ռազմական թատերաբեմում իրականացնում էր ավելի քան երկու հազար սիրիական վարձկան ահաբեկիչների օպերատիվ հրամանատարությունը, Էրսայը, որի գիտությամբ արտոնվեց ՄԱԿ Կոնվենցիաներով արգելված ֆոսֆորային ռումբերի կիրառումը ղարաբաղյան պատերազմի ժամանակ (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր)։ Չէ՞ որ կան բազմաթիվ ապացույցներ այն մասին, որ Էրսայը և թուրքական զինված ուժերի բարձրաստիճան սպաները ներգրավված են եղել սիրիական վարձկան-ահաբեկիչների (որոնք աչքի էին ընկնում առանձնակի դաժանությամբ)  հանցավոր գործողությունների ուղղակի հրամանատարության մեջ։ Այո, Հայաստանն ինքը անմիջականորեն չի կարող  դիմել Հաագայի Միջազգային քրեական դատարան, քանի որ չի ճանաչել Հաագայի ռազմական տրիբունալի իրավազորությունը, բայց փոխարենը կան Հայաստանի բարեկամները, օրինակ՝ հանձինս Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանների՝ հարգարժան Լին Թրեյսիի և Ջոնաթան Լաքոտի, որոնք, կրկնում եմ, օրերս արտահայտվել են ղարաբաղյան հակամարտության հարցում իրենց երկրների քաղաքական գծի վերաբերյալ, և որոնք կարող են նախաձեռնել իրենց երկրների դիմումը Հաագայի Միջազգային քրեական դատարան»։

Վերոշարադրյալի համատեքստում այլ կերպ, քան սրբապղծություն չես ընկալի ափշերոնյան սուլթանի պնդումները (արված ՄԱԿ Գերագույն վեհաժողովի 76-րդ նստաշրջանում), դիցուք. «Հայաստանն օգտագործել է «Սկադ» և «Իսկանդեր М» բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև արգելված ռումբեր սպիտակ ֆոսֆորով և կասետային զինամթերքներ»։ Բնական է, որ իբր Հայաստանի կողմից սպիտակ ֆոսֆորով արգելված ռումբերի և կասետային զինամթերքի օգտագործումն Ալիևի կողմից բնավ պատահական չէր։ Այն հնչեց որպես ինքնատիպ անզոր վայնասուն ի պատասխան օրերս կայացած քննարկման ԱՄՆ Կոնգրեսում։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի։ Այսպես, 2021թ. սեպտեմբերի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչերի պալատը ընդունեց լրացում ԱՄՆ ազգային պաշտպանության Օրենքում՝ Ադրբեջանի հանդեպ պահանջով՝ անհապաղ ազատել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ադրբեջանում և վերադարձնել նրանց հայրենիք։ Կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի կազմած լրացումներում նաև նշված է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը ոչ ավելի, քան 180 օր անց այդ լրացումների ուժի մեջ մտնելուց հետո, խորհրդակցելով ԱՄՆ պետքարտուղարի հետ, պետք է Կոնգրեսին ներկայացնի հաշվետվություն այն մասին, թե ինչ բաղադրիչներ կամ տեխնոլոգիաներ են ԱՄՆ-ի կողմից օգտագործվել թուրքական Bayraktar անօդաչու սարքերում, որոնք օգտագործվել են Արցախի Հանրապետության դեմ, ինչպես նաև նշված է հաշվետվությունում Ադրբեջանի կողմից կասետային ռումբեր, սպիտակ ֆոսֆորով ռումբեր և խաղաղ բնակչության դեմ օգտագործված այլ արգելված սպառազինություն օգտագործելուն գնահատական տալու անհրաժեշտությունը։ Վերջապես, դրված է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչներ հավաքագրելուն նույնպիսի գնահատական տալու խնդիր։

Այս առնչությամբ  կցանկանայի երախտագիտության խոսքեր ասել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որը, անկասկած, տեղեկացված էր REGNUM տեղեկատվական գործակալությունում վերոնշյալ հրապարակումների մասին, որոնցում հույս է հայտնվել, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան կարձագանքեն Ադրբեջանի կողմից (ՆԱՏՕ անդամ Թուրքիայի օրհնությամբ) միջազգային բոլոր հնարավոր կոնվենցիաներով արգելված ֆոսֆորային զենքի օգտագործման փաստին։ Շնորհակալություն, հարգելի տիկին դեսպան, որ ԱՄՆ և Ֆրանսիայի հասցեին հնչած հորդորը, այլ ԶԼՄ-ներում և REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակվելուց, իսկ այնուհետև հայկական հայտնի  «Новое Время» և «Իրավունք» պարբերականների կայքերում տեղադրվելուց զատ, ուշադրության է առնվել, ինչին հետևել են պատշաճ գործողություններ։

Վերադառնալով մեր վայ-քաղաքական գործիչներին, հարգելի ընթերցող, կրկնում եմ, իրավունք ունեի ակնկալել համարժեք պատասխան ՄԱԿ Գերագույն վեհաժողովի այդ նույն նստաշրջանում Փաշինյանի կողմից պատշաճ ռեակցիա այդքան ակնհայտ սուտ գնահատականներին, որոնք հնչեցրեց ափշերոնյան սուլթանը։ Սակայն, ինչպես և պետք էր սպասել, դա տեղի չունեցավ։ Հղումներ չեմ կատարի ՄԱԿ Գերագույն վեհաժողովի 76-րդ նստաշրջանում Փաշինյանի ելույթին (վիդեոձևաչափով), որտեղ նա չի դատապարտում ադրբեջանա-թուրքական ագրեսորների և սիրիական վարձկան ահաբեկիչների չարագործությունները, այլ ընդամենը նկարագրում է նրանց գազանությունների առանձին փաստեր, միջազգային հանրությանը կոչ չի անում խստորեն պատժել նրանց, այլ հայտարարում է կառուցողական երկխոսությանը Հայաստանի պատրաստակամության մասին։ Նրա բարի մտադրությունների տակ, որոնք հնչեցրեց ՄԱԿ ԳՎ նստաշրջանում, երևում են սարսափն ու վախը (որն ի զորու չէր թաքցնել), թե՝ հանկարծ մի ինչ-որ ավելորդ բան չասի, ինչը կարող է դուր չգալ նրա տերերին արևմտյան հատուկ ծառայություններից, ինչպես նաև անմիջական կուրատորին՝ նեոօսմանյան սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Հո իզուր չէ՞ր Էրդողանը նախօրոք ի լուր աշխարհի հայտարարել իր հանցակից Նիկոլ Վովաևիչի առաջարկի մասին։ Որպեսզի ընթերցողների համար հասկանալի լինի, թե ինչ նկատի ունենք, մեջբերումներ կատարենք Էրդողանի ելույթից։ Այսպես, 2021թ. սեպտեմբերի 20-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց Ստանիսլավ Տարասովի հոդվածը՝ «Ինչո՞ւ Էրդողանը հարվածի տակ դրեց Ղարիբաշվիլուն և Փաշինյանին» վերնագրով։ Ոչ մեծ մեջբերում կատարեմ այդ հոդվածից. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աթաթյուրքի օդանավակայանում, ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ թռիչքից առաջ, մամուլի ասուլիսի ժամանակ  լրագրողներին սենսացիոն նորություն հայտնեց։ Պարզվում է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նրան է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը հանդիպման մասին։ Էրդողանի խոսքով՝ «եթե այդ հանդիպումը կայանա, ապա նաև Թուրքիան դիվանագիտաական հարաբերություներ կհաստատի (Հայաստանի հետ – Ս.Տ.)»։ Սակայն Էրդողանը հանդիպումը պայմանավորեց պայման դնելով. Երևանը պետք է Ադրբեջանի և Նախիջևանի միջև բացի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը… Իսկ եթե խոսենք տարածաշրջանի մասին առհասարակ, ապա, Eurasianet ամերիկյան պարբերականի գնահատականով, «իրավիճակը փակուղային է»։

Չկա խոստացված ամենապարփակ խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև, որպեսզի ավարտվի ղարաբաղյան հակամարտությունը, համապատասխանաբար՝ չի լուծվում և սահմանների խնդիրը, լռում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ Բաքուն և Երևանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխբացառող դիրքորոշումներ ունեն»։

Այս առնչությամբ կցանկանայի հարգելի ընթերցողների ուշադրությունը հրավիրել, ըստ իս, մի բավական էական նրբության վրա, դիցուք. «Չկա խոստացված ամենապարփակ խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև»։

Այսինքն՝ Նիկոլ Վովաևիչին կշտամբում են, որ նա չի կատարում իր խոստումները՝ համաձայնել արդեն ՀՀ Սյունիքի մարզի տարածքի մի մասի անեքսիային և Զանգեզուրի միջանցքի բացմանը, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Ուստի և դեռևս չկա «խոստացված ամենապարփակ խաղաղության համաձայնագիր»։ Չէ՞ որ նրա հանցակից ափշերոնյան սուլթանը քանիցս հայտարարել է այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է։ Ավելին, մենք վկաներն ենք այն բանի, որ հայկական կողմը՝ հանձին Փաշինյանի, բնավ չի դնում Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի ապաօկուպացման հարցը, տարածք, որը զավթվել է ադրբեջանա-թուրքական հրոսակների և սիրիական ահաբեկիչների կողմից Ղարաբաղյան պատերազմի ժամանակ (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր)։

Գրում եմ այս տողերը և մտաբերում վերջերս լայնորեն հասանելի դարձած երկխոսությունը Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի միջև։ Ընթերցողներին հիշեցնենք որոշ մանրամասներ, որոնք անուղղակիորեն լույս են սփռում Փաշինյանի հատուկ հնազանդության, ես կասեի՝ աղջկական հեզության և խաղաղասիրության, նրա ավելորդ զգուշավորության հնարավոր պատճառների վրա՝ հանկարծ մի ինչ-որ ավելորդ բան չասի ու չզայրացնի իր թուրք-ադրբեջանական կուրատորներին։ Եվ այսպես, 2021թ. հունիսի 4-ին «SPUTNIK Армения» ինտերնետ-պարբերականը հրապարակեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի հոդվածը՝ «Եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանությունում ևս կես տարի, Ղարաբաղի հարցը կլուծվեր – Սահակյան» վերնագրով։ ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, բազմափորձ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանը «SPUTNIK Армения»-ի հետ զրույցում ասել է. «Եթե նա (նկատի ունի Սերժ Սարգսյանին – Ա.Գ.) մնար իշխանությունում ևս 6-7 ամիս, հարցը կլուծվեր… Արդեն ձեռք էր բերվել պայմանավորվածությունը, որով Ղարաբաղը կարող էր մտնել միջազգային կառույցներ։ Ասում են՝ 30 տարի ոչինչ չի լուծվել։ Աշխարհում կան հարցեր, որոնք չեն լուծվում մեկ դարից ավելի։

Հայաստանը Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում հասել է բազմաթիվ հաջողությունների ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցում,- ասել է նա և վստահություն հայտնել, որ այդ 5-7 մլրդ դոլարը, որոնք Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը առաջարկում էր Սերժ Սարգսյանին Ղարաբաղի համար, առաջարկել է և Նիկոլ Փաինյանին (ինչում կասկածել չարժե – Ա.Գ.)։- Թող ժողովուրդը հարցնի նրան (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին – Ա.Գ.)՝ վերցրե՞լ է արդյոք այդ 5 կամ 7 մլրդ դոլարը։ Ինչո՞ւ ոչ ոք չի տալիս այդ հարցը (համարձակվում եմ պնդել՝ դրական պատասխան լսելու վախից – Ա.Գ.)։ Եթե Ալիևը առաջարկել է այդ փողերը Սարգսյանին, նա կառաջարկեր նաև Փաշինյանին»։

Այնուհետև հոդվածում Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը հատուկ ընդգծում է, որ ներկայիս «չգործող իշխանությունը (Գ.Սահակյանը հենց այդպես է ասել – խմբ.) հեղափոխություն սարքեց հենց այն բանի համար, որպեսզի «հանձնի» Ղարաբաղը»։ Ասված է հստակ և անկեղծ։ Բայց մի հարցում չեմ համաձայնի հարգելի Գ.Սահակյանի հետ. 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որի հետևից երևում էին Պոտոմակի ափերի և մառախլապատ Ալբիոնի, ինչպես նաև թուրքական հատուկ ծառայությունների ականջները։

Սա մերկապարանոց հավաստիացում չէ։ Վերցնենք թեկուզ այն հանգամանքը, որ 2014-2017թթ. Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը ոչ անհայտ փորձառու դիվանագետ և հետախույզ Ռիչարդ Մուրն էր, որը, թուրքական հեղինակավոր ԶԼՄ-ների հավաստիացմամբ, սերտ հարաբերություններ ունի Էրդողանի հետ, և ոչ միայն այն պատճառով, որ հիանալի գիտի թուրքերեն, այլ նաև որովհետև աջակցել էր նրան Թուրքիայում 2016թ. հեղաշրջման փորձի ժամանակ։ Եվ ահա, 2020թ. նոյեմբերի 15-ին NEWS FRONT տեղեկատվական գործակալությունը հրապարակեց Վլադիմիր Կուդրյավցևի հոդվածը՝ «Ղարաբաղյան պատերազմը և բրիտանա-թուրքական դաշինքի պլանները» վերնագրով։ Հոդվածում կարդում ենք. «Կան բավականաչափ հիմքեր՝ ենթադրելու, որ Թուրքիայի լայն արտաքին քաղաքական հարձակման մեջ մեծ դեր են խաղում Բրիտանիան և անձամբ Ռիչարդ Մուրը։ Ըստ երևույթին, Լոնդոնը որոշել է Թուրքիան դարձնել խոյ իր շահերն առաջ մղելու համար, իսկ Էրդողանը բավարարվել է նրանով, որ Մեծ Բրիտանիան պաշտպանում է նրա դիրքորոշումը… Մտադրությունը պարզ էր. վերջնականապես լուծել ղարաբաղյան հարցը և դուրս գալ Հայաստանի հետ սահման՝ առավելագույնս մխրճվելով Կովկասում Ռուսաստանի ազդեցության գոտում։ Սակայն  վերջին պահին ինչ-որ բան չստացվեց. Լեռնային Ղարաբաղի հողի վրա ոտք դրեց ռուս զինվորը։ Եվ այստեղ առաջանում են մի շարք հարցեր…

Դրանցից գլխավորն է՝ ինչպե՞ս պատահեց, որ և՛Իլհամ Ալիևը, և՛ Նիկոլ Փաշինյանը իրենց ստորագրությունները դրեցին Ռուսաստանի հետ համաձայնագրի տակ։ «Մեծ կոմբինատորները» լավ չէին մտածե՞լ։ Թե՞ շտապել էին, որպեսզի օգտվեն Ամերիկայում ընտրությունների ավարտով, որը հիմա Ղարաբաղի «ժամանակը չուներ»։ Բրիտանա-թուրքական հաշվարկը կարող էր լինել այսպիսին. Ռուսաստանը «չի տեղավորվի», քանի որ Ադրբեջանը կռվում է Ղարաբաղի, այլ ոչ թե Հայաստանի հետ՝ վերադարձնելու համար իր տարածքները ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա, և Փաշինյանով էլ Մոսկվան հիացած չէ, իսկ վերջինը, որպես Սորոսի վաստակ, ամեն բան կհանձնի։ Սակայն Ալիևը, ելնելով իրավիճակի զարգացումից, որոշեց Ռուսաստանի օգնությամբ նվազեցնել իր կախվածությունը (այստեղ հարկ է շտկել հեղինակին՝ «վասալական կախվածությունը» – Ա.Գ.) Բրիտանիայից և Թուրքիայից։

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետին, ապա, ինչպես ընդգծել է Սերգեյ Կուրղինյանը, դա իր ժողովրդի դավաճանն է, որն իր պաշտոնին դրվել է միայն այն բանի համար, որպեսզի հանձնի Ղարաբաղը։ Եվ նա կատարեց այդ խնդիրը; բացի այդ, այնտեղ կային «և՛ Ամերիկան, և՛ Սորոսը, և՛ Բրիտանիան շատ լավ էր աշխատում, պետք է արժանին մատուցել Մուրին»»։ Դժվար է չհամաձայնել հոդվածի հեղինակի այս փաստարկների հետ։ Բայց որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, ոչ մեծ լրացում կատարեմ, դիցուք. Երևանի «Նաիրի» կինոթատրոնի շրջակայքի տղերքը, որոնք հիանալի գիտեն անբարեխիղճ գրչակների՝ ոչ փոքր վարձի դիմաց պատվերով հոդվածների հեղինակների հոգեբանությունը, կավելացնեին Վլադիմիր Կուդրյավցևի փաստարկներին նաև գոյության իրավունք ունեցող վարկածը հինգ միլիարդի մասին, ընդ որում՝ դոլարով արտահայտված, որոնց հանդեպ իր գրչակության վաղ տարիներից հակում ուներ (ինչպես վկայում են ՀՀ դատական ատյանների համապատասխան վճիռները) Նիկոլ Վովաևիչը։

Կասկածից վեր է, որ սորոսյան խառնամբոխի սաստկացած գրոհները ամեն տեսակ ինտերնետ-սարդոստայններում, որոնք ֆինանսավորվում են նաև Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կողմից, Արցախի հերոս, Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանի (Ֆրանսիա) ասպետ, Հայաստանի երրորդ նախագահ, մեծարգո Սերժ Ազատի Սարգսյանի հասցեին միանգամայն սպասելի էին։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանը սկզբից ևեթ գիտեր Հայաստանում պետական հեղաշրջման (2018թ. ապրիլ-մայիս) սցենարիստների իսկական մտադրությունների մասին, բավական հզոր աշխարհաքաղաքական խաղացողների մասին, որոնք, եթե նա չհրաժարվեր Հայաստանի վարչապետի պաշտոնից, պատրաստ էին արյամբ ողողել Երևանի փողոցները, որոնք լիքն էին սորոսյան քարոզչությամբ խաբված տասնյակ հազարավոր մարդկանցով, որոնց իշխանությունից դժգոհ լինելու համար կային նաև օբյեկտիվ պատճառներ, ինչպես նաև «վարձու ցուցարարներ» խոշոր կորպորացիաների ծառայողներից, որոնց սեփականատերերը մինչև վերջ չէին հաշվարկել երկրի համար կործանարար հետևանքները, որոնք հնարավոր դարձան նաև այդ թվում նրանց քաղաքական սխալ հաշվարկների պատճառով։ Բայց դա առանձին վերլուծության թեմա է։

Միակ բանը, որը Սերժ Սարգսյանը մղձավանջային երազում անգամ չէր կարող պատկերացնել, հայկական հողում այնպիսի սատանայի, չմարդու ծնունդն էր, որը կգնար արյունալի չարագործության հայ ժողովրդի դեմ։ Եվ, ինչպես ժողովրդի մեջ է պտտվում, Նիկոլ Վովաևիչը դա արեց հանուն բազմամիլիարդանոց նավթադոլարների՝ ստացված ափշերոնյան սուլթանից, որոնք էլ դարձան հիմք Փաշինյանին Արցախի Հանրապետության շահերի դավաճանության մեջ բացահայտ զանգվածային մեղադրանքի համար։ Մեղադրանք դավաճանության մեջ, որը հանգեցրեց Ղարաբաղի պաշտպանության բանակի ավելի քան 5 հազար զինծառայողների մահվան, խեղեց ավելի քան 10 հազար վիրավորի ճակատագիր, 40 հազար արցախցի կորցրեց իր օթևանը, կորսվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի 75%-ը։ Արդեն գրել եմ, որ Հայաստանի շատ հայրենասերներ կոնկրետ փաստերով հիմնավորում են իրենց փաստարկները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային շահերին Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ընթացքում դավաճանելու մասին, որոնք հիմա ՀՀ իշխանությունների կողմից ենթարկվում են դատական հետապնդման։

Հարգելի ընթերցող, իմ նախորդ՝ «Հայաստանը նոր պատերազմի շեմին է» հոդվածում՝ հրապարակված REGNUM տեղեկատվական գործակալությունում ս.թ. սեպտեմբերի 16-ին, կարծում եմ, ինձ հաջողվել է հիմնավորել Ադրբեջանի կողմից, բնականաբար՝ Թուրքիայի զգոն հովանու ներքո, արդեն Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմի սանձազերծման վտանգավորությունը։ Չէր անցել չորս օր հոդվածի հրապարակումից հետո, երբ 2021թ. սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում մեկնարկեցին ադրբեջանա-թուրքական Sars/lmazqardasliq-2021 (Անխախտ եղբայրություն – 2021) համատեղ մարտավարական զորավարժություններ՝ երկու երկրների հատուկ նշանակության ուժերի, կոմանդոսների, մոտոհրաձգային և այլ զորատեսակների մասնակցությամբ, մարտական հրաձգությամբ։

Ընթերցողներին հիշեցնենք, որ մինչ այդ՝ ս.թ. սեպտեմբերի 15-ին, Ադրբեջանում սկսվել էին «Երեք եղբայր – 2021» զորավարժությունները՝ Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ, որոնց ընթացքում փորձարկվեցին դեսանտ իջեցնելու և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների վերատեղակայման հնարքներ ուղղաթիռներով։ Ռազմական փորձագետների գնահատականներով՝ մինչև ռուսաստանցի խաղաղապահների՝ Արցախի Հանրապետության մնացած մասում մնալու ժամկետի ավարտը պատերազմ չի լինի, բայց ինչպես հայտարարել է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը. «Ռուսաստանցի խաղաղապահների հեռանալուց հետո պատերազմն անխուսափելի է։ Քանի դեռ ռուսական զորքերը գտնվում են Ղարաբաղի մնացած մասում, այնտեղ ոչինչ տեղի չի ունենա։ Բայց քանի որ Ղարաբաղից մնացել է փոքր մաս, որը պատկանում է Հայաստանին, հարցը լուծված չէ։ Ցանկացած պարագայում, կոնֆլիկտ լինելու է։ Ինչպես ակնհայտ էր պատերազմի սկիզբը 2020թ., այնպես էլ ակնհայտ է նոր բախման սկիզբը։ Ադրբեջանը հաղթեց, բայց ոչ մինչև վերջ» (gazeta.ru/army/2021/09/15/13987826.shtml)։

Յուրաքանչյուր քիչ թե շատ ադեկվատ մարդու համար պետք է պարզ լինի, թե ինչ տագնապալի դրության մեջ է ներկայում գտնվում Հայաստանը։ Թվում էր, թե այս պայմաններում միանգամայն բնական կլիներ ՄԱԿ Գերագույն վեհաժողովի 76-րդ նստաշրջանում հայտարարել նաև թուրք-ադրբեջանական հրոսակների ծայրահեղ վտանգավոր պլանների մասին, նշել սցենարիստներին, որոնք հետապնդում են Հարավկովկասյան տարածաշրջանում և Ռուսաստանի Դաշնության պետական սահմանների ողջ պարագծով իրավիճակն ապակայունացնելու նպատակ, հայտարարել նեոօսմանյան սուլթան Էրդողանի չափազանց վտանգավոր ապակառուցողական դերի մասին, որն օրերս ՄԱԿ ԳՎ ամբիոնից հանդես եկավ հերթական սադրիչ հայտարարությամբ Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին, այն մասին, որ չի ընդունում Ղրիմի ժողովրդի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ Ղրիմի մտնելու ընտրությունը։ Եվ այս պայմաններում Փաշինյանը ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանի իր ելույթում (վիդեոձևաչափով) 2021թ. սեպտեմբերի 24-ին, Հայաստանի ռազմավարական գործընկերոջ, նրա անվտանգության երաշխավոր Ռուսաստանի հետ համերաշխության փոխարեն, անհեթեթություն է դուրս տալիս կառուցողական երկխոսության կոչով, իսկ ըստ էության՝ ջուր է լցնում ռազմաշունչ թուրքական հռետորաբանության ջրաղացին, կրկնում եմ՝ ըստ էության բնավ չարձագանքելով նեոօսմանյան և ափշերոնյան սուլթանների՝ ավելի վաղ արված վտանգավոր հայտարարություններին՝ իր ելույթը շեշտադրելով Հայաստանի սորոսյան մաս-մեդիաների միանգամայն անատամ, արդեն ձանձրացրած հրապարակումներով։ Ընդ որում՝ նա հատուկ լռության է մատնում նեոօսմանյան և ափշերոնյան սուլթաններ Էրդողանի և Ալիևի կարևոր աշխարհաքաղաքական «սողոսկումները», որպեսզի վերջինները չբարկանան, հերթական արտահոսքը չանեն արցախցիների դահիճների հետ նրա՝ Նիկոլ Վովաևիչի անդրկուլիսյան պայմանավորվածությունների մասին։

Հարգելի ընթերցող, ս.թ. հունիսի 12-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը՝ «Արևմուտքի հիբրիդային պատերազմը Ռուսաստանի դեմ լուրջ մարտահրավեր է Հայաստանի անվտանգությանը» վերնագրով։ Այդ ժամանակվանից անցել է երեք ամսից մի փոքր ավելի։ Թվում է, թե կարճ այդ ժամանակամիջոցում Հարավկովկասյան տարածաշրջանում և աշխարհում տեղի են ունեցել բավական վտանգավոր փոփոխություններ։ Մանրամասն չեմ գրի այն մասին, թե հատկապես ինչ փոփոխություններ, դա առանձին վերլուծության թեմա է, բայց անվիճելի է, որ Թուրքիան, դաշնակից ունենալով ոչ միայն Ադրբեջանին և Վրաստանին, այլև ՀՀ ազգային շահերի դավաճանության մեջ անթաքույց մեղադրվող նիկոլվովաևիչյան հանցավոր քաղաքական թայֆային, իր անդրօվկիանոսյան պատրոն Ջոզեֆ Բայդենին սիրաշահելու համար, Ադրբեջանին սադրում է նոր ռազմական ագրեսիայի այժմ արդեն Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ պատերազմի սանձազերծման համար տեղեկատվական ֆոնը գործի է դրվել լրիվ թափով ինչպես Ադրբեջանի լրատվամիջոցներում, այնպես էլ Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կողմից շռայլորեն սնուցվող  ինտերնետ-պարբերականներում և ինտերնետ-հեռուստատեսությունում։ Ընդ որում՝ Հայաստանի սորոսյան մաս-մեդիաներն իրենց գլխավոր խնդիրն են համարում Ռուսաստանի վարկաբեկումը՝ ՀՀ իշխանավորների դավաճանական գործողությունների պատասխանատվությունը դնելով Ռուսաստանի վրա, առաջադրելով կեղծ մեղադրանքներ նրա կողմից Հայաստանի հանդեպ իր դաշնակցային գործառույթների չկատարման մասին։ Կարծում եմ՝ հարգելի ընթերցողը կհամաձայնի, որ Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների օրինակով մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ Արևմուտքի հիբրիդային պատերազմը Ռուսաստանի դեմ կարող է վերաճել աշխարհաքաղաքական աղետի։

Վերջաբանի փոխարեն. Ստեղծված ավանդույթի համաձայն՝ չէի ցանկանա հոդվածս ավարտել տագնապալի նոտայով։ Նախախնամության կամքով այսօր ևս՝ այսքան տագնապահույզ ժամանակներում, կան լույսի փայլատակումներ։ Այսպես, ուշադիր ուսումնասիրելով տարատեսակ հրապարակումները, որոնց հեղինակները ցանկացած անհեթեթ կեղծիքով, երբեմն բացահայտ զրպարտչությամբ փորձում են արատավորել ավելի ու ավելի մեծ ըմբռնում և հավանություն գտնող առաջարկը (մասնավորապես՝ նաև տողերիս հեղինակի կողմից) Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության օբյեկտիվ անհրաժեշտության մասին՝ հայոց պետականության պահպանման նպատակով, դառնում ենք դրանց սնանկության վկաները։ Ի պատասխան հայոց պետականության պահպանման համար այդ բախտորոշ որոշման անայլընտրանքայնության մասին փաստարկների՝ հիմնականում հնչում են անկապ և մերկապարանոց պնդումներ իբր հայոց պետականության իքնիշխանության կորստի, Ռուսաստանից Հայաստանի վասալական կախվածության մեջ հայտնվելու մասին։ Միևնույն ժամանակ,  քիչ չեն նաև սխալ արձագանքները՝ պայմանավորված հիմնադիր փաստաթղթերի լիակատար անգիտությամբ, որոնք ընկած են Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության ստեղծման հիմքում։ Ընդ որում՝ քաղաքացիների այն շերտը, որն անկեղծորեն մոլորված է այս հաշվով այդ փաստաթղթերի չիմացության հետևանքով, բավական մեծ է։ Ուստի, ավելորդ չեմ համարում  հերթական անգամ վկայակոչել Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր – Ա.Գ.) որոշ հոդվածներ, որը վավերացվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Բելառուսի խորհրդարանի կողմից 2000թ. հունվարին։ Այսպես, Պայմանագրի 3-րդ հոդվածում գրված է.

«1. Միութենական պետությունը հենվում է մասնակից պետությունների ինքնիշխան հավասարության, կամավորության, նրանց կողմից փոխադարձ պարտավորությունների բարեխիղճ կատարման վրա։ 2. Միութենական պետությունը հիմնված է Միութենական պետության և մասնակից պետությունների միջև կառավարման առարկաների և լիազորությունների սահմանազատման վրա»։ 7-րդ հոդվածում ասվում է. «1. Միութենական պետության տարածքը կազմված է մասնակից պետությունների պետական տարածքներից։ 2. Մասնակից պետությունները ապահովում են Միութենական պետության տարածքի ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը։ 3. Միութենական պետության արտաքին սահման են հանդիսանում մասնակից պետությունների սահմաններն այլ պետությունների հետ կամ մասնակից պետությունների պետական ինքնիշխանությունների գործողության տարածական սահմանը։ 4. Մինչ պետական սահմանի մասին Միութենական պետության իրավանորմատիվային ակտի ընդունումը՝ Միութենական պետության արտաքին սահմանի պահպանությունը իրականացվում է մասնակից պետությունների սահմանած կարգով սույն Պայմանագրի կնքման պահի դրությամբ»։

Ընդ որում՝ նշենք, հարգելի ընթերցող, որ ս.թ. սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի և Բելառուսի նախագահների համաձայնեցրած 28 ծրագրերը Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման մասին չեն շոշափում Միութենական պետության մասին վերոնշյալ հոդվածները։ Դրանք ուղղված են մակրոտնտեսական քաղաքականության, հարկային և մաքսային օրենսդրության գրեթե բոլոր ոլորտների ներդաշնակեցմանը, ապրանքների և տրանսպորտի տեղաշարժի վերահսկումը միասնականացնելուն։ Ընթերցողներին հիշեցնենք, որ այդ բոլոր ծրագրերը ս.թ. սեպտեմբերի 10-ին հավանության են արժանացել Միութենական պետության Նախարարների խորհրդի նիստում։

Կարևոր եմ համարում նշել, որ անգամ հաստատված 28 ծրագրերի լիակատար իրականացման դեպքում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության յուրաքանչյուր մասնակից պահպանում է շատ ավելի մեծ ինքնուրույնություն պետական կառավարում իրականացնելիս, քան, օրինակ, Եվրամիության անդամները։ Ասվածի ապացուցվածության համար որոշ մեջբերումներ կատարեմ Եվրամիության հիմնադիր փաստաթղթից՝ «Եվրոպական միության մասին պայմանագրից» (Լիսաբոնի պայմանագրի խմբագրությամբ՝ ստորագրված 2007թ. դեկտեմբերի 13-ին Լիսաբոնում)։  Այսպես, Ինստիտուտների մասին որոշման III բաժնում 13-19 հոդվածները խիստ կանոնակարգում են եվրոպական ինստիտուտների և ԵՄ անդամ պետությունների կառավարությունների գործառույթները։

Ընդ որում՝ ԵՄ հիմնական ինստիտուտները շատ ավելի լայն լիազորություններ ունեն, քան ԵՄ անդամ պետությունների կառավարությունները։ Օրինակ, համաձայն Հոդված 14-ի 1-ին կետի՝ Եվրոպական խորհրդարանը Խորհրդի հետ միասին իրականացնում է օրենսդրական և բյուջետային գործառույթներ։ Այն իրականացնում է քաղաքական վերահսկողության գործառույթ և խորհրդատվական գործառույթ՝ համաձայն Պայմանագրերով նախատեսված պայմանների։ Հոդված 17-ում կարդում ենք. «Այն (Եվրոպական հանձնաժողովը) իրականացնում է համակարգող, գործադիր և կառավարչական գործառույթ՝ համաձայն Պայմանագրերով նախատեսված պայմանների։ Բացի ընդհանուր արտաքին քաղաքականությունից և անվտանգության քաղաքականությունից և այլ դեպքերից, որոնք նախատեսված են Պայմանագրերում, այն ապահովում է Միության ներկայացուցչությունը (նկատի ունի Եվրոպական միությունը – Ա.Գ.) միջազգային ասպարեզում։ Այն հանդես է գալիս Միության ամենամյա և բազմամյա ծրագրերի կազմման նախաձեռնություններով՝ միջինստիտուցիոնալ համաձայնագրերի հասնելու նպատակներով»։

Հարգելի ընթերցող, կարելի է ավելի մանրամասն ներկայացնել (Եվրոպական միության) Ինստիտուտների մասին որոշման III բաժնում ներառված հոդվածների բովանդակությունը, որոնք համոզիչ կերպով կվկայեն Եվրամիության ինստիտուտների ընդունած բազմաթիվ որոշումների իմպերատիվությունը ԵՄ անդամ պետությունների կառավարությունների որոշումների նկատմամբ։ Ընդ որում՝ Եվրոպական միության մասին պայմանագրի հաճախ հիշատակվող Հոդվածներում (Լիսաբոնի պայմանագրի խմբագրմամբ) հղումները պայմանագրերին նախապես ընդունված պայմանագրերն են, որոնց նման են (գործունեության ուղղություններով) ինտեգրման այն 28 ծրագրերը, որոնք հավանության են արժանացել ս.թ. սեպտեմբերի 10-ին Միութենական պետության Նախարարների խորհրդի կողմից։

Փոքր-ինչ մանրամասն կանգ առա այս հարցերի վրա, որպեսզի Միութենական պետության մասնակից պետությունների ինքնիշխանության կորստի մասին մերկապարանոց պնդողները, նախքան որպես Հայաստանի համար հուսալի հեռանկար նրա անդամությունը Եվրամիությանը ներկայացնելը, նեղություն կրեին և ծանոթանային (իրենց մտավոր կարողությունների չափով) ԵՄ հիմնադիր փաստաթղթին՝ Եվրոպական միության մասին պայմանագրին։ Իսկ  Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հատկապես ջանադիր քննադատներին խորհուրդ կտայի ծանոթանալ ԵՄ Սահմանադրությանը (լրիվ պաշտոնական անվանումը՝ Սահմանադրություն մտցնելու մասին պայմանագիր Եվրոպայի համար), միջազգային պայմանագիր, որը կոչված է խաղալու Եվրամիության Սահմանադրության դերը և փոխարինելու ԵՄ բոլոր նախկին հիմնադիր ակտերը՝ ստորագրված Հռոմում 2004թ. հոկտեմբերի 29-ին։ Եվ ահա, ԵՄ առաջարկվող Սահմանադրությունում ընդլայնվում էր եվրոպական ինստիտուտների գործունեության դաշտը, համապատասխանաբար՝ նեղացվում էր ԵՄ անդամ պետությունների պետական մարմինների գործունեության դաշտը, և այն պետք է վավերացնեին ԵՄ բոլոր երկրները։ ԵՄ Սահմանադրությունը չընդունվեց, քանի որ մի շարք երկրներ (Մեծ Բրիտանիա, Դանիա, Իռլանդիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ֆրանսիա, Չեխիա, Շվեդիա) կամ չընդունեցին այն, կամ չեղարկեցին ԵՄ Սահմանադրության ընդունման հանրաքվեն։ Այնինչ, նախապես կոնսենսուսով ընդունվել էր որոշում, որ եթե ԵՄ գոնե մեկ անդամ երկիր չվավերացնի Սահմանադրությունը, այն ուժի մեջ չի մտնի։

Էլ չեմ հոգնեցնի ընթերցողներին և իմ պարտքն եմ համարում հերթական անգամ հայտարարել. Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը ժամանակակից աշխարհում ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետականության պահպանման այլընտրանք չունեցող պայմանն է, այլև ծանրակշիռ փաստարկ նեոօսմանյան սուլթան Էրդողանի կողմից խրախուսվող Ադրբեջանի ագրեսիվ սողոսկումների (անեքսիայի ենթարկելու համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզը, որը 45 կիլոմետրանոց սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ) չեզոքացման համար։ Աստված չանի, որ նման բան պատահի, թե չէ կիրականանա Էրդողանի բաղձալի երազանքը, կփակվի իսլամական աղեղը Ջիբրալթարից, Հյուսիսային Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից, Թուրքիայից, Ադրբեջանից, Կենտրոնական Ասիայից մինչև Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջան, ինչը կդառնա գլոբալ աղետի դետոնատոր Հարավկովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի պետությունների հետ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի պարագծով։ Կասկածից վեր է և այն, որ սուլթան Էրդողանն ամբողջ ուժով կփորձի ապակայունացնել նաև ռուս-ուկրաինական սահմանը։

Ակնհայտ է նաև այն, որ արդի Ռուսաստանի ականավոր առաջնորդ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և կառավարության ղեկավարների բարձր պրոֆեսիոնալ թիմը ճշտապահորեն հողին կհավասարեցնեն Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխարհաքաղաքական «պրոժեկտները»։ Ինչպես ասում են՝ Աստված օգնական։

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, «Լազարյան ակումբի» խորհրդի անդամ

Տեսանյութեր

Լրահոս