«Եթե այս վճիռը հրապարակված լիներ մեկ տարի առաջ, միայն նրա մեջ եղած վերլուծությունները բավական էին, որ մենք Մարտի 1-ի գործը շահեինք». Հայկ Ալումյան

«ՄԻԵԴ դիմելիս դիմողը պնդել է, որ առկա է Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի խախտում, այսինքն՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրում խախտվել է կոնվենցիան: Նախ ֆիքսենք, որ 15-րդ հոդվածը թույլ է տալիս որոշակի շեղումներ Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով երաշխավորված իրավունքներից և ազատություններից, բայց դա չպետք է հատի հենց այդ հոդվածով նախատեսված շեղումների թույլատրելի սահմանը»,- «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ խոսելով սեպտեմբերի 21-ին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի ներկայացրած գանգատի առնչությամբ ՄԻԵԴ-ից ստացված այն վճռի մասին, թե 2008թ. հայտարարված արտակարգ դրության հայտարարմամբ խախտվել են եվրոպական կոնվենցիայի 3 հոդվածներ:

Փաստաբանի խոսքով՝ դիմող կողմը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, ի դեմս նրա ներկայացուցչի, պնդում էին, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով գերազանցվել են այդ թույլատրելի սահմանները:

«Եվրոպական դատարանն իր վճռով խախտում չի ճանաչել, և սա շատ կարևոր եմ համարում նախ և առաջ ընդգծել: Եվրոպական դատարանը չի գտել, որ առկա է 15-րդ հոդվածի խախտում, այսինքն՝ հրամանագրով այն աստիճանի չեն սահմանափակվել մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, որը անթույլատրելի լիներ կոնվենցիայի իմաստով»,- ասաց Հայկ Ալումյանը:

Վերջինս նկատեց՝ եթե շատ պարզունակ դարձնենք հարցի էությունը, ապա կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի:

«15-րդ հոդվածի հնարավոր խախտումը քննարկելիս վճռի մեջ ՄԻԵԴ-ն արել է հետևյալ ձևակերպումը՝ տվյալ գործով կառավարությունը պնդում է, իսկ դիմող կազմակերպությունը ակնհայտորեն չի վիճարկում, որ 2008թ. մարտի 1-ին իրավիճակը Երևանում իրենից ներկայացնում էր լուրջ սպառնալիք ազգի կյանքի համար: Այսինքն՝ Եվրպական դատարանը գնահատում է՝ ինչպիսին էր իրավիճակը նախքան այդ հրամանագիրն ընդունելը, որպեսզի կարողանա գնահատել հրամանագրի համապատասխանությունը Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածին»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ սա նշանակում է՝ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այդ հրամանագրի ընդունումից առաջ իրավիճակը Երևանում սպառնալիք էր ազգի կյանքի համար:

Փաստաբանը պնդում է՝ փաստացի Նիկոլ Փաշինյանը, որպես «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի սեփականատեր, Հայաստանի Հանրապետությանը դատի է տվել 2009թ., բայց 2008թ.-ից ի վեր խնդիր կա այս գործի հետ կապված, որովհետև հիմա կառավարությունն է Եվրոպական դատարանում պատասխանող, իսկ Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարն է:

«Եվ պարզ է, թե այս իրավիճակում ինչու է որոշ փաստեր ՄԻԵԴ-ը հաստատված համարել՝ նշելով, որ կառավարությունը հակառակը չապացուցեց, չներկայացրեց»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ Մարտի 1-ի բոլոր գործերով Եվրոպական դատարանում փաստացի նման իրավիճակ էր ստեղծվել, որովհետև այս գործով հրապարակվող յուրաքանչյուր գործով Նիկոլ Փաշինյանը շահագրգիռ կողմ է:

«Եվրոպական դատարանը ճանաչել է 10-րդ հոդվածի, այսինքն՝ արտահայտվելու իրավունքի խախտում, բայց…10-րդ հոդվածն ասում է՝ յուրաքանչյուր ոք ունի արտահայտվելու ազատություն, բայց նաև նշում է, որ արտահայտվելու ազատությունը բացարձակ ազատություն չէ և կարող է սահմանափակվել պետության կողմից»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գոյություն ունի 3 քայլից բաղկացած թեստ:

Ըստ փաստաբանի՝ որպեսզի պետության կողմից մտցված սահմանափակումը չխախտի կոնվենցիան, այն պետք է նախատեսված լինի օրենքով, պիտի հետապնդի իրավաչափ նպատակ՝ այլոց հեղինակության, երկրի անվտանգության, այլոց առողջության պաշտպանություն, և երրորդը՝ պետք է լինի անհրաժեշտ, այսինքն՝ պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին, և տվյալ դեպքում «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն պնդում էր, որ 3 սկզբունքներն էլ խախտված են:

Հայկ Ալումյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՄԻԵԴ ուղարկված գանգատի ձևակերպումները, մասնավորապես, վերը նշված, սահմանափակումը օրենքով նախատեսված լինելու մասով, ուղիղ մեկին մեկ կրկնում են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը:

«Ճիշտ նույն ձևակերպմամբ այստեղ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքի բացակայության պայմաններում սահմանել է արտակարգ դրություն: Նույնը նաև դեռ 2009թ. Եվրոպական դատարան ներկայացրել է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն»,- ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանի խոսքով՝ այստեղ՝ դատարանում, իրենք 3.5 տարի ասում էին, որ թեև այդ օրենքը չկա, բայց ՀՀ նախագահը Սահմանադրությամբ նախատեսված հոդվածներով՝ կարող էր ընդունել նման որոշում՝ ինքնուրույն  որոշելով սամանափակումների ծավալը, և Եվրոպական դատարանն իր վճռում ուղիղ ասել է այն, ինչ իրենք ասում էին այստեղ դատարաններում:

Վերջինս կարծում է, որ եթե այս վճիռը հրապարակված լիներ մեկ տարի առաջ, միայն նրա մեջ եղած վերլուծությունները բավական էին, որ իրենք այս գործը շահեին, եթե անգամ որևէ այլ փաստարկ չլիներ:

«Գործի փաստերի մասին ամենից լավ խոսում է Եվրոպական դատարանի վճիռը՝ կայացված Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա: ՄԻԵԴ-ը հաստատված չի համարել, որ արտակարգ դրությունը և դրանից բխող սահմանափակումները նախատեսված չեն եղել օրենքով՝  ի հեճուկս դիմող կողմի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Անդրադառնալով իր նշած թեստի հաջորդ հարցին՝ սահմանափակումները մտցնելու իրավաչափ նպատակին, 2-րդ նախագահի փաստաբանը շեշտում է՝ ՄԻԵԴ-ն ասել է՝ միանշանակ նպատակը եղել է իրավաչափ:

Ինչ վերաբերում է համաչափության սկզբունքին, Հայկ Ալումյանի խոսքով, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ արտակարգ դրության 20 օրերի ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթը փորձել է տպագրվել 2 անգամ, և նույնքան անգամ էլ ԱԱԾ-ն դա արգելել է անել:

«Եվ այդտեղ Եվրոպական դատարանը համարում է, որ դա անհամաչափ է եղել ոչ թե ընդհանրապես, այլ, որովհետև վերլուծություն չի կատարվել, թե արդյո՞ք թերթի այդ համարներում առկա են եղել ատելության խոսք պարունակող կամ սադրիչ բնույթի հոդվածներ: Այսինքն՝ Եվրոպական դատարանն ասում է՝ եթե նման հոդվածներ լինեին, միջամտությունը կլիներ և համաչափ, բայց ինքը չի կարող դա գնահատել, որովհետև կառավարությունը Դատարանին փաստարկ չի ներկայացրել, որ այդ 2 համարների մեջ առկա են եղել սադրիչ կամ ատելության խոսք պարունակող հոդվածներ»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ եթե կառավարությունն ինչ-որ բան չի վիճարկում, Եվրոպական դատարանն ընդունում է դիմող կողմի փաստարկները՝ որպես հաստատված:

Փաստաբանը նկատում է՝ այս աստիճանի խախտում Եվրոպական դատարանը շաբաթական մոտ 20-30 դեպքով ճանաչում է՝ Եվրոպայի խորհրդի՝ անխտիր բոլոր երկրների հետ կապված:

«Այս վճռի մեջ ոչ մի արտառոց բան չկա, բացի նրանից, որ վճռի մեծ մասը կայացած է հօգուտ Ռոբերտ Քոչարյանի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նշում է՝ խախտումը վերը նշված մասով, ինչպես նաև 6-րդ հոդվածով ճանաչվել է, ու դրա համար է պարտավորեցրել ՀՀ կառավարությանը վճարել 9000 եվրո գումար, եթե, իհարկե, ՀՀ կառավարությունը 3 ամսվա ընթացքում այդ վճիռը չբողոքարկի Մեծ պալատում:

«Բայց մենք կարող ենք կանխատեսել, որ Նիկոլ Փաշինյանը հօգուտ Նիկոլ Փաշինյանի կայացրած վճիռը չի բողոքարկի Մեծ պալատ: Ամեն դեպքում, եթե ՄԻԵԴ վճիռը կա, ուրեմն մենք առանց վերապահումների պետք է ասենք, ընդունենք, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում այն մասով, որը վերաբերում է համաչափությանը»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ ՄԻԵԴ-ը խախտում է ճանաչել նաև 6-րդ հոդվածի մասով, որն ընդհանուր առմամբ արդար դատաքննության իրավունքը պաշտպանող հոդված է:

«Տվյալ դեպքում Եվրոպական դատարանը դատարանի մատչելիության սկզբունքն է խախտված ճանաչել, որը արդար դատաքննության կոմպոնենտներից մեկն է: Դատարանն արձանագրել է, որ, երբ «Հայկական ժամանակի» համարները չեն թույլատրվել տպագրման, նրանք փորձել են դիմել դատարան՝ վիճարկելու դա: Դատարանները վարույթ չեն ընդունել՝ ասելով, որ ըստ էության նախագահի հրամանագիրն է վիճարկվում, բայց այն միայն Սահմանադրական դատարանում կարող է  վիճարկվել: Հետո փորձել են դիմել ՍԴ, սակայն նա էլ քննության չի առել, որովհետև Սահմանադրությամբ ՍԴ կարող են դիմել միայն որոշակի սուբյեկտներ, որոնց մեջ ֆիզիկական և իրավաբանական անձինք չեն մտնում»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ տվյալ դեպքում ինքը կիսում է ՄԻԵԴ կարծիքը, որովհետև անձը պետք է ներպետական դատարաններում խնդիրը քննության առարկա դարձնի:

Տեսանյութեր

Լրահոս