«Դա ստրկացած, թուրքական աշխարհից կախյալ Հայաստանի հեռանկարն է, որը նիկոլական ռեժիմի սրտին մոտ է»․ Դավիթ Ջամալյան

«Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցքը» տալու դեպքում լինելու է հայոց պետականության վերջի սկիզբը, մենք դադարելու ենք լինել սուբյեկտ և սահուն կերպով ներգրավվելու ենք թուրքական պրոյեկտի մեջ, աստիճանաբար հայաթափվելու է Հայաստանը, և 20-30 տարի հետո մենք մեր հայրենիքում լինելու ենք փոքրամասնություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն արդեն հուշում է, որ այդտեղ չի կարող լինել արժանապատիվ խաղաղության հեռանկար․

«Դա ստրկացած, թուրքական աշխարհից կախյալ Հայաստանի հեռանկարն է, որը նիկոլական ռեժիմի սրտին մոտ է, բայց ցանկացած արժանապատիվ հայ մարդու համար դա ստրկացած կախվածության հեռանկարն է, պետականության կորստի հեռանկարն է։ Մեզ համար տարօրինակ չէ, մենք գիտենք Ալիևի պատկերացումը  խաղաղության մասին, ցավալին այն է, որ Ալիևի և այս խունտայի այդ հեռանկարը իրար համապատասխանում են»։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը և համանախագահների հայտարարությանը, Դավիթ Ջամալյանը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, անկախ ամեն ինչից, նաև ներկայացնում են սեփական երկրների շահերը, Արցախի հարցի կարգավորման իրենց պետությունների ընկալումը։

«Հստակ է, որ ռուսական կողմն իր հատու միջամտությամբ զարգացումների ղեկը վերցրել է իր ձեռքը, հիմա մյուս կողմերը փորձում են իրենց մասնակցությունն ինչ-որ կերպ ընդգծելով՝ այս ռեգիոնում տվյալ հարցի վերաբերյալ ռուսական մասնակցության տեղն ու ծավալը փոքրացնել։ Այսինքն՝ չեն ուզում լիովին վանված լինել, փորձում են զարգացումների վրա ինչ-որ ազդեցություն գործել։

Ադրբեջանը հիմա պայման թելադրողի դիրքերում է՝ շնորհիվ մեր կապիտուլյանտների և գերագույն կապիտուլյանտի, և այն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ ոչինչ չկա, այն, որ մի տեսակ ավելի ընդգրկուն և ընդհանուր ձևակերպումներ կան՝ կապված առհասարակ հայ-ադրբեջանական հարցերի վերաբերյալ, այստեղից արդեն կարելի է դատել, որ Ադրբեջանը օրակարգ է թելադրում։ Այս ֆոնին ընդամենը ես տեսնում եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ այլ երկրների փորձը՝ իրենց դիրքը ամրապնդել կարգավորման  գործընթացում, այդ կերպ նաև՝ ռեգիոնում իրենց դերակատարությունն ավելի ամրապնդել։ Մեր խնդիրն այս ամենի մեջ հետևյալն է՝ կա ռուսական կողմ, որի հետ մեր աշխարհաքաղաքական շահերը համընկնում են, այսօր իրավիճակի ռեալ տերը ռուսական կողմն է, նրա շնորհիվ է, որ Արցախի մի փոքր հատվածն այսօր հայապատկան է, ունի սուբյեկտայնություն, ռուսական հատու միջամտության և ներկայության շնոհիվ է, որ Սյունիքը հայապատկան է, և մեր խնդիրը պետք է լինի հայ-ռուսական ինտերգրացիոն սխեմաներում մեր սուբյեկտայնությունը ամրապնդել և արդեն շահերի զուգամիտման վրա հենվելով՝ վերականգնել կորուստը»։

Ռազմական փորձագետի խոսքով՝ միամտություն կլինի որևէ հույս կապել ԵԱՀԿ ՄԽ հետ՝ Արցախի սուբյեկտայնության լիարժեք վերականգնման, նրա միջազգային ճանաչման և տարածքների դեօկուպացիայի վերաբերյալ․ «Այո, պետք է դիվանագիտական աշխատանքը շարունակել, բայց մեր հաջորդ իշխանության օրոք, որը կլինի պետականակենտրոն, Արցախի հայապատկանության վերջնական ամրապնդման հեռանկարը պետք է կապվի հայ-ռուսական սերտ ինտեգրացիոն հարաբերությունները վերականգնելու հետ»։

Միևնույն ժամանակ, Դավիթ Ջամալյանը վստահ է՝ առաջիկայում լինելու են փոփոխություններ, և «մենք մեր մեջքը շտկելու ենք»։

Տեսանյութեր

Լրահոս