«Քրդական հարց գոյություն չունի, մենք այն լուծել ենք». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքից, որտեղ մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին, Թուրքիա վերադարձի ճանապարհին հարցազրույց է տվել թուրք լրագրողներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը պատասխանել է Թուրքիայի առաջնային օրակարգի մի շարք խնդիրներին առնչվող հարցերի, որոնց թվում անդրադարձել է քրդական հարցին, որի շուրջ քննարկումները վերջին շրջանում ակտիվացել են թուրքական ներքին խոսույթում:
Նա նշել է, որ Թուրքիայում այդ հարցի միակ լուծում «Ժողովուրդ» դաշինքն է, որը կազմել են իր գլխավորած «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները:
Ըստ Էրդողանի՝ իրենց դաշինքի ուղին կառուցված է միության, միասնականության և եղբայրության սկզբունքների հիման: Հետևաբար, Թուրքիայում քրդական հարց չկա, քանի որ իրենք այդ հարցը լուծել, հաղթահարել են:
«Եթե միության, միասնականությանը և եղբայրությանը հավատացողներ կան, խնդրեմ, թող գան, և միասին շարունակենք ճանապարհը»,- նշել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ այս թեման ակտուալ է դարձել այն բանից հետո, երբ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ քրդական հարցը լուծելու համար լեգիտիմ ուժ է անհրաժեշտ: Ըստ քեմալականների առաջնորդի՝ նման լեգիտիմ ուժ կարող է համարվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ):
Քըլըչդարօղլուին արձագանքել էին հայտնի քաղաքական գործիչներ: ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սեզայի Թեմելին ընդգծել էր, որ քրդական հարցի լուծման հասցեն Իմրալի կղզին է՝ ակնարկելով քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, որը ցմահ բանտարկված է այդ կղզում:
Թուրքիայի աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին քրդական հարցի գոյության մասին խոսողներին ստոր վախկոտներ էր անվանել՝ նշելով, որ նրանց սիրտը թուրք ազգի սրտի հետ համահունչ չի բաբախում: Նա նաև քննադատել էր քեմալական կուսակցությանը և նրա ղեկավար Քըլըչդարօղլուին՝ նշելով, որ այդ կուսակցությունը վերածվում է ազգային անվտանգության սպառնալիքի: