«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գլխուղեղի մեկ քառորդն ընդգրկող չարորակ մեծ ուռուցք

70-ամյա կնոջ մոտ հարազատները վերջին մեկ ամսվա ընթացքում նկատել էին խոսքի արտաբերման և ինֆորմացիայի ընկալման դժվարություններ: Ժամանակի ընթացքում կինը սկսել էր գանգատվել թուլությունից, այնուհետև ի հայտ էին եկել քայելու, կողմնորոշվելու և խոսելու լուրջ խանգարումներ, հայտնում են «Էրեբունի» ԲԿ-ից։

Ախտորոշման նպատակով դիմել էին «Էրեբունի» ԲԿ: Հիվանդին ընդունել և առաջնային խորհրդատվությունն իրականացրել է նյարդավիրաբուժության բաժանմունքի բժիշկ, նյարդավիրաբույժ Սարգիս Եղունյանը:

Լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ճակատային բլթի շատ մեծ չափերի՝ 9,5 սմ գոյացություն, որն ընդգրկում էր գլխուղեղի մեկ քառորդը, ճնշում ուղեղի հյուսվածքները, խոսակցական կենտրոնները։ Որոշում է ընդունվել կատարել վիրահատություն՝ հեռացնել ուռուցքը: Վիրահատության ընթացքում Սարգիս Եղունյանը կատարել է ուռուցքի ամբողջական հեռացում, որից անմիջապես մեկ օր հետո հիվանդի մոտ նկատվել է դրական դինամիկա, իսկ 2 օր անց վերականգնվել է նաև հիվանդի խոսքը:

Կատարված հիստոլոգիական հետազոտության արդյուքներով պարզ է դարձել, որ մեծ չափերի գոյացությունն ունի չարորակ բնույթ: Ուստի հիվանդին վիրահատությունից հետո ցուցվել է հետագա բուժում՝ քիմիաթերապիա:

Տեսանյութեր

Լրահոս