«Հակոբ Ավետյանին ասել եմ՝ կա՛մ որոշի զբաղվես բիզնեսով, կա՛մ համայնքի ղեկավարությամբ, եթե այսպես գնա՝ երկուսն էլ տապալելու ես». Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածում ՀՀ քաղաքացիներին թշնամու կողմից առևանգելը որևէ կապ չունի համայնքների խոշորացման հետ։

«Հաշվի առնելով մեր անվտանգային, սահմանային խնդիրները՝ մենք կարիք ունենք հզորացնելու սահմանամերձ համայնքները, որպեսզի տեղում կարիքները ճիշտ գնահատվեն, և համայնքը կարողանա ճիշտ արձագանքներ անի։ Դրա համար նաև փորձ ունենք, որ խոշորացված համայնքների պարագայում այդ արդարացումը կա հենց սահմանամերձ տարածքներում։ Այսինքն՝ դա քննադատությանը չի դիմանում, հակառակը, մեր խնդիրներից ելնելով՝ հիմա արագ պետք է միավորել։ Մենք միավորման գործընթաց անեինք թե ոչ, Հայաստանի համայնքների մոտ 70 տոկոսից ավելին այս աշնանը գնալու են ընտրության։ Իսկ մենք խելամիտ ենք գտնվել, հիմա համատեղ ենք անում, քանի որ այդ ծրագիրը կար, որ պետք է արվեր, որպեսզի ավելորդ ֆինանսական ծախս չանենք՝ միանգամից մեկ պրոցեսով կանենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գնել Սանոսյանը։

Անդրադառնալով  խոսակցություններին, որ համայնքները խոշորացնում են, որպեսզի ազատվեն անցանկալի համայնքապետերից, Գնել Սանոսյանը փորձեց անկեղծ վերլուծել՝ մենք ու մենք ենք, եկեք օրենքը միասին փորձենք մեկնաբանել։

«Համայնքի ղեկավարը, ավագանին ինչ-որ ժամկետով է ղեկավարում, չէ՞, հինգ տարի, նշանակում է՝ հինգ տարին լրացավ՝ ժամկետն ավարտվում է։ Իջևանի պարագայում մեզ քննադատում են, թե՝ ինչու ընտրություններ չեք կազմակերպում, հետո էլ քննադատում են, թե ինչու ենք կազմակերպում։ Իջևանում մեր կամքից անկախ եղել է կովիդ, պատերազմ, և ընտրությունները հետաձգվել են, այսինքն՝ դա ոչ  կազմակերպված հետաձգում է»,- շեշտեց նախարարը։

Ինչ վերաբերում է Գեղամասար համայնքի խոշորացմանը և համայնքի ղեկավարի այն հայտարարությանը, որ Գնել Սանոսյանն իրեն ասել է՝  հրաժարական ներկայացնել, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ասաց, թե ուշադիր լինելու դեպքում կտեսնեն, որ Գեղամասարի գործընկերները երբ խոսում են համայնքի խոշորացումից, ապա ասում են, որ դա  դրական որոշում է.

«Եկեք ֆիքսենք, որ իրենք ասում են՝ խոշորացումը լավ բան է։ Փորձը ցույց է տվել, որ ավելի մեծ համայնքն ավելի լավ է, լավ օրինակ է Կապանը։ Իհարկե, տարբեր քննարկումներ ենք ունեցել Հակոբ Ավետյանի հետ։ Բավականին ժամանակ էր, մենք չենք հանդիպել ու չենք խոսել։ Ինչ վերաբերում է  նրան, թե ես իրեն ասել եմ՝ կդատվես և այլն, ապա 2019 թվականին խոսակցություն է եղել, ու ես իրեն ասել եմ՝ պարոն Ավետյան, որպես համայնքի ղեկավար՝ այսքան հարկեր, որոնք հավաքել եք ու հարկերի հավաքագրում չեք իրականացնում, ունեք հետևյալ գործառույթը՝ կա՛մ պայմանագրերը պետք է խզեք, կա՛մ պետք է ԴԱՀԿ դիմեք, որպեսզի վերցնենք։ Ասել եմ՝ եթե դրանցից որևէ մեկը չանենք, կդառնա անգործություն, ու վաղը դրա համար ձեզ կդատեն։ Ես Հակոբ Ավետյանին ասել եմ, որ՝ հարգելի Ավետյան, կամ որոշի զբաղվես բիզնեսով՝ գյուղատնտեսությամբ, կամ համայնքի ղեկավարությամբ, եթե այսպես գնա՝ երկուսն էլ տապալելու ես»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ փոխանցեց Գնել Սանոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս