Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող անձը կորցրել է ադեկվատությունը
Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող անձը կորցրել է ադեկվատությունը
Ազգային Ժողովում երեկ տեղի ունեցած քննարկման արդյունքում ակնկալվում էր, որ առողջապահության նախարարությունը (ԱՆ) պետք է գործուն քայլեր ձեռնարկեր, որպեսզի փարատեր մասնագետների և հանրության մտահոգությունները կապված Քովիդ պատվաստումների անուղղակի պարտադրանքի հետ:
Սակայն ԱՆ-ն փոխնախարարի բերանով իր անկարողությունը փորձեց քողարկել հերթական մանիպուլացիաներով ու անձնական վիրավորանքներով:
Եկեք վերլուծենք:
1. Մեջբերում ենք նախարարի N1304-Ն հրամանի հավելվածից (Սպուտնիկ-V).
Կետ 16. Հղիության ու կրծքով կերակրման ընթացքում պատվաստանյութի արդյունավետությունը և անվտանգությունը չի ուսումնասիրվել, պատվաստման որոշում կայացնելիս յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հիմնվել պատվաստանյութի օգուտի և ռիսկի գնահատման վրա։
Մեջբերում ենք նախարարի N1635-Ն հրամանի հավելվածից (Կորոնավակ).
Կետ 15. Հղի կանանց շրջանում ԿորոնաՎակի կիրառման փորձը սահմանափակ է։ Հղիների պատվաստումը ԿորոնաՎակով պետք է կատարել այն դեպքում, երբ հիվանդության ռիսկն ավելի մեծ է հղիի ու պտղի վրա, քան պատվաստանյութի ռիսկը։
2. ՀՀ-ում կիրառվող Սպուտնիկ-V պատվաստանյութի ներդիրում հստակ նշված է, որ հղիներին և կերակրող մայրերին հակացուցված է պատվաստումը, իսկ կերակրող մայրերը չեն ներառվել ԱՆ հրամանի հակացուցումներում:
3. Անդրադառնանք ԱՆ քարոզիչների Ռիա Նովոստի-ում հրապարակված ՌԴ առողջապահության նախարարի մեջբերածին: Նա ասում է, որ այս պահին հղիների մոտ խորհուրդ է տրվում կիրառել Սպուտնիկ-V-ն ծանր ընթացքով ռիսկի խմբում 22-րդ շաբաթականից սկսված, երբ մոր սպասվելիք օգուտը գերազանցում է սաղմի համար հավանական վտանգը:
4. Վերջապես Ավանեսյանը նշում է, որ. «Մեր կարգավորումներով՝ հղին ինքն է որոշում պատվաստվե՞լ, թե՝ ոչ։ Եվ, իհարկե, բժշկի խորհրդատվությամբ իրականացվում է պատվաստում» (https://iravaban.net/349674.html):
Հիմա հարգելի գիտակից քաղաքացիներ, ՀՀ ԱՆ-ի համար, ո՞րն է հիմքը, ՀՀ նախարարի հրամանը, թե՞ նրա գրառումները, թե՞ Սպուտնիկ-V պատվաստանյութի ներդիրը, թե՞ ՌԴ նախարարի հայտարարությունները, որոնք բոլորն իրարից տարբերվում են: Օգնեք, որ ԱՆ-ն կողմնորոշվի:
Հիմա ԱՆ-ն առաջնորդվում է իր իսկ նորմատիվ փաստաթղթերո՞վ, թե՞ պատվաստանյութ արտադրողի հրահանգներով, թե՞ քարոզներով ու հայտարարություններով:
Երեկ բարձրացված Քովիդ պատվաստանյութերի լայնամասշտաբ կիրառման, անուղղակի պարտադրման, արդեն իսկ հիվանդացած ու բնական կայուն իմունիտետ ձեռք բերած մարդկանց պատվաստելու անհրաժեշտության, ՊՇՌ թեստավորման ու բազմաթիվ այլ կարևորագույն հարցերին ԱՆ-ի կողմից չկա որևէ բովանդակային անդրադարձ:
Հ.Գ. Կրկին անգամ նշում ենք, որ պատվաստումները կարևոր գործիք են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, երբ ապացուցված է դրանց անվտանգությունն ու արդյունավետությունը, իսկ հղիների ու կերակրող մայրերի հարցում պետք է առավելագույնս զգույշ լինել:
Հակահամաճարակային Ալյանս