COVID-19-ի վարակը հաղթահարած ու պատվաստված մարդու մոտ պաշտպանվածությունը շատ ավելի ուժեղ է. մասնագետ
Վերարտադրողական առողջության վրա կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ազդեցության վերաբերյալ գիտական տվյալներ չկան: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը:
«Այս հարցն ուսումնասիրել են մասնագետները, և հերքվել է գիտական խմբերի կողմից: Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան: Եղել են միայն ենթադրություններ, որոնք որևէ գիտական հիմք չեն ունեցել: Մասնագետների կողմից հերքվել է և չկան գիտական այնպիսի տվյալներ այն մասին, որ պատվաստումը կարող է ազդել վերարտադրողական առողջության վրա: Ի դեպ, ասեմ, որ արդեն հայտնի է՝ COVID-19-ի հիվանդությունը կարող է առաջացնել խնդիրներ վերարտադրողական առողջության և այլ օրգանների հետ կապված»,- ասաց Վարդուհի Պետրոսյանը:
Այս շրջանում շատ են հարցադրումներն այն մասին, թե ինչու պետք է պատվաստվի կորոնավիրուսով վարակված անձը, որն ունի հակամարմիններ: Անդրադառնալով այս դիտարկումներին՝ Վարդուհի Պետրոսյանը նշեց, որ արդեն կան գիտական հետազոտություններ, որոնք ներկայացնում են կորոնավիրուսով վարակված, առողջացած ու պատվաստված քաղաքացիների և վարակված, բայց չպատվաստված անձանց տվյալները: Տարբեր երկրներից ստացված տվյալներն ապացուցում են, որ այն մարդիկ, որոնք հիվանդացել են ու պատվաստվել են, նրանց պաշտպանվածությունը շատ ավելի ուժեղ է:
ԵՊԲՀ-ի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանի կարծիքով, կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի լուծումը պատվաստումներն են: Նրա խոսքով, այս շրջանում պատվաստումների հետ կապված միֆերն այնքան են տարածվում, որ հասարակությունն, իսկապես, բանիմաց մասնագետների խոսքի կարիք ունի:
«Երբեմն պատվաստումներին դեմ արտահայտվողներն այնքան ֆանտաստիկ բաներից են խոսում, որ բանական մարդուն պարզապես դժվար է այդ մտքերին արձագանքելը: Մասնագետները պետք է բաց ու ակտիվ լինեն, ավելի շատ ներկայացնեն գիտականորեն հիմնավորված դիտարկումներ»,-ասաց Արտեմ Գրիգորյանը:
Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանը նկատեց, որ պատվաստումների գործընթացը քննադատողների ճնշող մեծամասնությունը չունի որևէ պատասխանատվություն:
«Քննադատողների ճնշող մեծամասնության համար, կարծես, կարևոր է վարկաբեկելը, ինչ-որ բան ասելը, թե դրանից հետո ինչ կլինի, կարևոր չէ: Եթե ինչ-որ մեկը խոսում է համավարակի մասին, ապա դա ամենևին չի նշանակում, որ օբյեկտիվ իրականությունն է ներկայացնում: Հետևաբար, մեր քաղաքացիներին կհորդորեմ տեղեկությունը կարդալուց կամ լսելուց առաջ անպայման տեսնեն, թե արդյոք այդ անձը իրավասո՞ւ է նման թեմայի մասին խոսել: Ի վերջո, պետք է հասկանանք, որ պատվաստումների գործընթացը 100-տոկոսանոց չէ, սակայն պատվաստումներն այլընտրանք այսօր չունեն»,- ասաց Արմեն Սողոյանը: