«Այս մարդիկ գալիս էին լոզունգներով, որ վերջ տան ծանոթ-բարեկամների սկզբունքին. հիմա այդ ամենը հարյուրապատկել են». Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այս կարճ ժամանակահատվածում, ինչ խորհրդարանում են, և դրանից առաջ էլ որպես առանձին ուժեր՝ ապացուցել են, որ հանուն հայրենիքի փրկության պատրաստ են ամեն քայլի՝ կլինի փողոցային պայքար, թե պայքար ԱԺ-ում։ Ցանկացած եղանակով փորձելու են հակազդել իշխանության հակահայկական օրակարգին։
«Ակնհայտ է, որ այս մարդը թուրքի ու ադրբեջանցու կոշիկը լիզելով օր է անցկացնում։ Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության կազմակերպած երթին մասնակցությանը, կարծում եմ՝ դրա վերաբերյալ հայտարարություն կլինի»,- նշեց Աննա Մկրտչյանը։
Ըստ պատգամավորի, այսօր խորհրդարանը քննարկում է համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքի նախագիծը, այն համայնքների, որոնք չգիտեն, թե իշխանության բանավոր պայմանավորվածությունների հիման վրա որն են հանձնելու թշնամուն։
«Այս մարդիկ ուզում են համայնքները խոշորացնեն, որ 8 բնակավայրի փոխարեն՝ ստացվի՝ մեկ բնակավա՞յր են հանձնում թշնամուն։
10 օրից ավելի է՝ ԱԺ նախագահի աթոռին նստած անձնավորությունը մեզ հավաստիացնում էր, որ հանդիպում է կազմակերպելու, ասելով, որ խնդիր չունեն, բաց են։ Հերթական սուտը, որովհետև այս անձնավորությունը դրա համար ոչինչ չի արել։ Ալեն Սիմոնյանը չգիտես թե ինչով է զբաղված, միայն իր օտարերկրյա շրջագայություններով է զբաղված, ընդ որում, որևէ ընդդիմադիր պատգամավորի իր հետ չտանելով։ Հիմա իրենք ակնհայտ ասում են, որ ինչ ուզում, այն էլ անում են»,- շեշտեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը խոշոր մրցույթներին հաղթող ճանաչվելու մասին մամուլում տեղ գտած հետաքննական հոդվածներին, Աննա Մկրտչյանն ընդգծեց, ներկայիս իշխանությունը գալիս էր լոզունգներով, որ ծանոթ-բարեկամ սկզբունքին վերջ են տալու։
«Այս մարդիկ գալիս էին լոզունգներով, որ վերջ տան ծանոթ-բարեկամների սկզբունքին, ասում էին՝ 2018 թվականին ՀՀ քաղաքացին պայքարել է ախրաննիկապետության, պադավատապետության դեմ։ Հիմա իրենք այդ ամենը հարյուրապատկել են, պադավատապետությունն ավելի թանկարժեք մեքենաներով են փոխարինել։ Բոլոր պետական տենդերների մրցույթի կարգը չեն պահպանում, միանձնյա գնումներով կարողանում են ապահովել այն, ինչ պետք է։ Բարեկամ պաշտոնյաները ստանում են պարգևավճարներ։ Նորմալ է, որ ԱԺ նախագահը սեփական բժիշկն է ունենալու, երբ պետական պատվերը երկրում ուղղակի կասեցվել է, երբ հոկտեմբերի մեկից յուրաքանչյուր քաղաքացի 30 հազար պետք է ծախսի՝ ՊՇՌ թեստ հանձնելու համար։ Ու այս մարդիկ ցինիկաբար ասում են՝ դե դա բեռ չէ»,- ասաց պատգամավորը։