«Ակնհայտ է, որ գաղտնի կապեր ու բանակցություններ կան Հայաստանի ու Թուրքիայի միջև». Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ՀՀ իշխանությունները սահմանազատման և սահմանագծման ժամանակ ինչ քարտեզներով են առաջնորդվելու։ Սակայն մեկ բան ակնհայտ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը։

«ՀՀ ներքին վարչատարածքային բաժանումները չեմ կարող կապել սահմանագծման ու սահմանազատման հետ, սա ամենևին  այլ գործընթաց է։ Իշխանությունը չհասկանալով կամ դիտավորյալ 2010 թվականի վարչատարածքային բաժանումով փորձում է արդարացնել իրենց այն քայլը, ըստ որի՝ տարածքներ են հանձնում թշնամուն, հետևաբար՝ մեկը մյուսի հետ կապ չունի։ Իսկ Հայաստանին այս պահին սպասվում է թուրքացման գործընթաց, մենք ունենք լրջագույն մտահոգություններ տեղի ունեցողի հետ կապված, պատահական չէ, որ երեկ Էրդողանը հայտարարել էր, որ Փաշինյանից ստանում է  դրական ազդակներ։ Ակնհայտ է, որ գաղտնի կապեր ու բանակցություններ կան Հայաստանի ու Թուրքիայի միջև, և դա չի բխում ՀՀ շահերից»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև հիշեցրեց Թուրքիայի այն պահանջները, որոնք կատարելու դեպքում պատրաստ է Հայաստանի հետ հաստատել հարաբերություններ՝ հրաժարում Արցախից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, և այժմ էլ՝ «միջանցք Սյունիքով»։

Իշխան Սաղաթելյանը հարց հնչեցրեց՝ թվարկած չորս նախապայմաններից ՀՀ իշխանությունը ո՞րն է  պատրաստ բավարարել։

«Ես ՀՀ իշխանությունների պնդմանը, թե «միջանցքի» հարց չի քննարկվում, չեմ հավատում և դրա բոլոր հիմքերն ունեմ, նրանք ինչ ասել են, արել են ճիշտ հակառակը»,- հավելեց ԱԺ փոխնախագահը։

Տեսանյութեր

Լրահոս