Համայնքների խոշորացումն անցանկալի ղեկավարներից ազատվելու նպատակ ունի. Գեղամասար համայնքը քաղաքական նպատակով միացնում են Վարդենիսի շրջանին. Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ սեպտեմբերի 26-ին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի «Եռաբլուր» տեղի կունենա ջահերով երթ՝ ի հիշատակ պատերազմում զոհված սուրբ նահատակների։

Անդրադառնալով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման մեկնարկին «Հայաստան» խմբակցության քարտուղարի հայտարարությանն ու  նիստերի դահլիճը լքելուն, Իշխան Սաղաթելյանը վերահաստատեց, որ այդ նախագիծը համարում են հանցագործություն և ապօրինություն։

«Ամբողջ գործընթացը տեղի է ունենում ապօրինի, համապատասխան քննարկումներ տեղի չեն ունեցել, համայնքների կարծիքները չի լսվել, համայնքների շահը որևէ կերպ հաշվի չի առնվել։ Առհասարակ մենք խոշորացմանը դեմ չենք, բայց դեմ ենք այս վիճակով ու այս կազմակերպմամբ համայնքների խոշորացմանը։ Ամբողջը քաղաքական պրոցես է՝ համայնքների անցանկալի ղեկավարներից ազատվելու և իրենց շահն առաջ տանելու համար։ Համայնքների բաժանումն իրականացրել են՝ ըստ իրենց թեկնածուների, որտեղ ունեն համապատասխան թեկնածու՝ խոշորացրել են։ Օրինակ, Ապարանում մեկ գյուղ միացրել են, որպեսզի ազատվեն համայնքի ղեկավարից, Գեղարքունիքի Գեղամասար համայնքը, որն արդեն ունի 18 գյուղ, մեկը քաղաքական նպատակով միացնում են Վարդենիսի շրջանին։ Կամ Էջմիածին քաղաքը, ընդամենը մեկ գյուղ միացրել են ու խոշորացում են իրականացնում»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա, այստեղ երկու խնդիր կա՝ ապօրինի գործընթաց և համայնքների շահի անտեսում, ուստի խմբակցությունն այդ ամենին մասնակցելու պատճառ չի տեսնում։

ԱԺ փոխնախագահը նաև շեշտեց, որ համայնքներում կա մեծ դժգոհություն, և շատ համայնքների ղեկավարներ, ավագանիներ հաշվի առնելով գործող իշխանությունների ներկայիս վիճակը՝ համարձակություն չունեն դուրս գալ փողոց և բողոքել։ Այս համատեքստում նա հիշեցրեց, որ 300-ից ավելի համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։

«Գոյություն ունեն կարևոր խնդիրներ, երկիրը վտանգի մեջ է, ադրբեջանցիները Հայաստանում դրել են ոստիկանական կետ, այս ֆոնին Փաշինյանը սիրախաղ է սկսել Էրդողանի հետ։ Այս խնդիրները չեն լուծում, ու մենք գանք մասնակցենք այս նախագծի քննարկմանը՝ մեզ համար ընդունելի չէ։ Երբ սկսվեց ԱԺ նիստը, մենք դրել էինք այդ պահանջը, որ անհրաժեշտ է ԱԺ կանչել ԱԱԾ տնօրենին, Պաշտպանության նախարարին և իրականացնել փակ քննարկում, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, մինչև այս պահը մերժում չկա, բայց փաստ է, որ հանդիպումը չի կայացել։ Տարբեր մանկական պատճառներ են բերում, թե ինչու չի կայացել։ Սա անում է այն իշխանությունը, որը խոսում է համատեղ աշխատանքից, կառուցողական մոտեցումներից»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Տեսանյութեր

Լրահոս