Հայաստանում 286 պատվաստված քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով, նրանցից 38-ն այժմ հոսպիտալացված է. Ավանեսյան
Կառավարության հերթական նիստի մեկնարկը տրվեց Հայաստանի կորոնաիրավիճակին անդրադարձով: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ երեկ իրականացված 6.221 թեստավորումից 906 դրական դեպք է գրանցվել, արձանագրվել է 16 մահ: Ավանեսյանի խոսքով՝ այժմ կովիդ պացիենտների համար 18 բժշկական կազմակերպություններում հատկացված է 2156 մահճակալ, որոնցից զբաղված են 2006-ը, այլ կերպ ասած՝ մահճակալային կարողությունների 85%-ը:
Ըստ առողջապահության նախարարի՝ վերջին երկու օրերին կա պատվաստումների շեշտակի աճ, նախորդ երկու օրվա ընթացքում իրականացվել է ավելի քան 18.000 պատվաստում:
«Այս պահին մենք ունենք 11.470 քաղաքացի, ովքեր ունեն դրական կովիդ թեստի պատասխան: Այսինքն՝ ակտիվ դեպքերի թիվն է սա: Եվ ընդամենը 286-ն են, որ պատվաստված քաղաքացիներ են: Սա, իհարկե, շատ բնական է, նորմալ է, որ պատվաստումը, այո, 100%-ով չի բացառում վարակման ռիսկը, այն շեշտակի նվազում է, բայց ամենակարևոր նպատակը, որ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև և ելքը՝ անգամներ անգամ ավելի հավաստված, լավ ելք ունենք:
Ընդհանուր առմամբ 2.006 քաղաքացիները, ովքեր հոսպիտալում են հիմա, ընդամենը 38-ն են, որ պատվաստված են, և այս քաղաքացիներն էլ, նորից եմ կրկնում, հիվանդությունը տանում են շատ ավելի թեթև: Այս քաղաքացիների մեծ մասը հոսպիտալացված են, որովհետև ունեն խրոնիկ բազմաթիվ այլ խնդիրներ, դրա համար ավելորդ զգուշությունից ելնելով՝ նրանք գտնվում են որոշ ժամանակ հոսպիտալում, որպեսզի հսկողության տակ լինեն»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում