Քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անե՞լ, թե՞ չանել. Փաշինյանը՝ պատվաստման կամ ՊՇՌ թեստ հանձնելու մասին
Կառավարության հերթական նիստի օրակարգում ներառված զեկուցվող հարցերը քննարկելուց առաջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող առողջապահության նախարարի հրամանին, համաձայն որի՝ «պատվաստում չունեցող քաղաքացիները ստիպված կլինեն ամիսը 2 անգամ ՊՇՌ հետազոտության արդյունքներ ներկայացնել գործատուին, որպեսզի իրավունք ունենան աշխատանքի ներկայանալ: Փաշինյանը զարմանք հայտնեց այն հարցադրման առնչությամբ, թե ինչպես կարելի է մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել: Խոսքը վճարովի ՊՇՌ հետազոտության մասին է՝ այն դեպքում, երբ պատվաստումը ՀՀ-ում անվճար է:
«Մարդկանց համար ամենևին որևէ լրացուցիչ ֆինանսական ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ այդ ծախսը անելու անհրաժեշտություն և կարիք չունեն: Պետությունը, կառավարությունը հոգում է, որ այդ բոլոր մարդիկ, մեր սիրելի հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում: Այսինքն՝ քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի՞, թե՞ ծախս չանի: Եվ այնպես որ, այստեղ քաղաքացիների համար լրացուցիչ ծախս սահմանելու մասին որևէ խոսք չի կարող լինել:
Էլի ուզում եմ ընդգծել, որ մեր ավելի քան 300.000 պատվաստումներից մենք չունենք որևէ հիշատակման արժանի բարդություն: Ինչու եմ ասում՝ հիշատակման արժանի, որովհետև, այո, կարող է մարդու ջերմությունը բարձրանալ, ինչպես բոլոր պատվաստումների դեպքում՝ սկսած կարմրուկից, վերջացրած մնացած բոլոր պատվաստանյութերից…
Ես ինքս պատվաստված եմ, մենք բոլորս պատվաստված ենք, մեր ընտանիքի անդամները պատվաստված են, և եթե անկեղծ լինեմ, ես հիմա մտածում եմ, որ նաև բժշկական ցուցումներին համապատասխան, երբ մենք հակամարմինների հետ կապված զգանք, որ կա անհրաժեշտություն նորից պատվաստվելու, մենք պետք է դա անպայման անենք: Այսինքն՝ սա մի պրոցես է, որը մենք պետք է անցնենք, և այսօր մեր պատվաստման ցուցանիշները բավականին ցածր են, այդ թվում՝ տարածաշրջանային առումով, նու, դա իր բացատրություններն ունի՝ կապված տարվա առաջին կեսում մեր երկրում հաստատված իրավիճակի հետ և դրանից բխող իրավիճակների հետ, բայց հիմա մենք պետք է այս խնդիրը լուծենք և պետք է բաց թողնվածը լրացնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ բոլոր քաղաքացիների կոչ անելով պատվաստվել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում