Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել
ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
«Նախարարներ անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, և պատրաստակամություն հայտնել առավել ընդլայնել փոխգործակցությունը: Այս առումով որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ են առանձնացվել առևտրատնտեսական, պաշտպանության, կրթության, զբոսաշրջության ոլորտները»,- այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Քննարկվել են նաև երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը Հայաստանի ու հայ ժողովրդի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աջակցության ու համերաշխության դրսևորման համար։
Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Այդ առնչությամբ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը: