Թալիբները ցանկանում են հարաբերություններ զարգացնել ուրիշ երկրների հետ
Աֆղանստանի նոր կառավարությունը ՄԱԿ-ում սեփական ներկայացուցչի հաստատման դեպքում մտադիր է առաջին հերթին հարաբերություններ զարգացնել ու ամրապնդել մյուս պետությունների հետ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի եւ տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը:
«Եթե իմ եղբայր Սուհեյլը (Շահին) ՄԱԿ-ում հաստատվի որպես մեր ներկայացուցիչ, ակնհայտորեն, ջանքեր կգործադրի մյուս պետությունների, ներառյալ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի, ինչպես նաեւ մուսուլմանական երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Դրանք էլ հենց կլինեն առաջնահերթ խնդիրները, տա Աստված, ՄԱԿ-ում մեր ներկայացուցչին հաստատելուց հետո»,-ասել է Մուջահիդը:
Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում:
Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու է Մոհամադ Հասան Ախունդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ 2001 թվականից գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: