Թուրքիայի ընդլայնված նախապայմանը՝ Սյունիքի միջանցքի տեսքով, այս իշխանությունն ընդունել է. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի Պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 22-ի արտահերթ նիստում հերթական՝ արդեն 4-րդ անգամ իշխանությունը մերժեց հանձնաժողովի նախագահի տեղակալի համար առաջադրված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանն իշխանության այդ գործելաոճը պայմանավորեց Հայաստանի սահմաններին տիրող անվտանգային լրջագույն հարցերից հանրության ուշադրությունը շեղելու միտումով, ինչպես նաև՝ սպասվող Քննիչ հանձնաժողովի  առաջ ընդդիմության բարձրացվելիք հարցերը կանխելու ցանկությամբ։

«44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովից բացի՝ իշխանությունը փորձում է նման քաղաքականությամբ կանխել, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական զորքերի բռնազավթած հատվածի վերաբերյալ իշխանությանն ուղղված հարցադումները, ինչպես նաև՝ բացառել իրական օրակարգային հարցերը հանձնաժողովում քննարկելը։ Այս փուլում իշխանությունն իր համար կարևոր է համարում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հացը չարչրկելը և ոչ թե մեր սահմանների բռնազավթման հարցը»,- ասաց  ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով Հայաստանի սահմանների շուրջ ձևավորված  իրական օրակարգերի՝  հակառակորդ և թշնամական պետությունների  կազմակերպվող զորավարժություններին և Հարավային Կովկասում օր օրի ավելացող ռազմական բաղադրիչի մասին հարցերին՝  Տիգրան Աբրահամյանը նշեց, որ հակառակ այդ վտանգին՝  պատերազմից մեկ տարի անց էլ այս  իշխանությունը մեր երկրի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու ու մեր սահմանային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ գործնական մակարդակում որևէ բան չի արել, բացի պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին դեկլարատիվ հայտարարություններից։

«Չանելու արդյունքն է, որ ադրբեջանական զորքերը պատերազմից 7 ամիս անց անարգել մտան Հայաստանի տարածք, և մինչև այս պահը շարունակում են մնալ մեր տարածքները նրանց վերահսկողության տակ։ Հակառակ Փաշինյանի և Անդրանիկ Քոչարյանի հայտարարած գեղեցիկ տեքստերի՝ մեր իրականությունն այլ է ամբողջությամբ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ օգտվելով Հայաստանի իշխանությունների բացարձակ անկարողությունից՝ Ադրբեջանն իր համար նպաստավոր պայմաններ է ստեղծում ռազմական դաշտում ցանկալի հերթական արդյունքն արձանագրելու համար։

«Ադրբեջանի և Թուրքիայի գծած կանոնը հետևյալն է՝ Հայաստանի համար ստեղծել այնպիսի միջավայր, որ ճնշման ներքո Հայաստանը գնա հարցի լուծման։ Սև լճի տարածքում Ադրբեջանն ունի հնարավորություն մեզ ճնշելու և Սյունիքով միջանցքի հարցի լուծմանը հասնելու համար, իսկ Սյունիքը դա Իրանի հետ Հայաստանի կապն է ու Սյունիքի նկատմամբ ադրբեջանաթուրքական ցանկացած տեսակի վերահսկողություն մեր պետականության ամբողջական վերացման պատճառ կարող է դառնալ։ Ես խիստ կասկածում եմ, որ այս իշխանությունը որևէ հաշվարկ ունի Հայաստանին սպասվող ապագայի վերաբերյալ, որովհետև, երբ Ադրբեջանը բռնազավթում է Հայաստանին պատկանող հիմնական ճանապարհը, նրանք խոսում են ոչ թե բռնազավթումից ազատվելու, այլ հանրությանն այլընտրանքային ճանապարհ առաջարկելու մասին՝  առանց գիտակցելու, որ Սյունիքի այդ հիմնական ճանապարհի նկատմամբ վերահսկողության կորուստը բերելու է այդ ճանապարհների վրա տեղակայված հայկական բնակավայրերի կորստի։ Երբ Ադրբեջանին տալիս են հնարավորություն այդ հիմնական ճանապարհի վրա դիրքավորվելու, ապա հետագայում նրանք դիրքավորվելու են նաև այլընտրանքային ճանապարհների ուղղությամբ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ շեշտելով, որ ադրբեջանական սադրանքների ամենատարբեր դրսևորումներ արտահայտվում են նաև Հայաստանի այլ բնակավայրերի ուղղությամբ, որովհետև որևէ այլընտրանքային ճանապարհ դա կանխել չի կարող։

«Չի կարող, որովհետև  այս իշխանությունը դրանք կանխելու որևէ քայլ չի անում։  Ամեն ինչի հիմքում պետք է դնել անվտանգային համակարգը, որը ցանկացած առիթի դեպքում քեզ հնարավորություն կտա դիմել գործողությունների, իսկ այս իշխանությունը հենց այդ ուղղությամբ որևէ գործ չի անում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ գործող իշխանությունը Հայաստանի սահմանների անվտանգության ապահովման հարցը թողած՝ հիմա էլ  երկխոսում է Թուրքիայի հետ։

«Իշխանությունը հիմա էլ  ընդունել է Թուրքիայի ընդլայնված նախապայմանները՝ միջանցքի ձևով։ Էրդողանի վերջին շաբաթներում արած հայտարարությունները ցույց են տալիս, որ բացի նրանից, որ ՀՀ իշխանության նկատմամբ ունի ոչ արժանապատիվ վերաբերմունք, այլ նաև այս իրավիճակում մնում է իր նախապայմանների կրողը, իսկ այս իրավիճակում թուրք-հայկական որևէ գործընթաց բերելու է Հայաստանի վերջնական կորստին։ Եթե Հայաստանն ընդունի Թուրքիայի նախապայմանները, ապա  աշխարհաքաղաքական քարտեզից շատ արագ կվերանա՝ որպես պետություն»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս