Բաժիններ՝

Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 23-27-ն առանձին տաղավարով կմաս­նակցի ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցա­հանդեսին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ-ից՝ մանրամասնելով, որ ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: Ծրագրի նպատակն է հայ գրականությունը և հայ գրողներին հանրահռչակելը, մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելը, գրականությամբ երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացումը:

Ցուցահանդեսին կներկայացվեն վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, այդ թվում՝ գեղարվեստական, մասնագիտական, արվեստաբանական, հանրագիտարանային, պատմական, ալբոմային գրականություն: Կներկայացվի նաև «Հայ գրականությունը թարգմանություննե­րում» դրամաշնորհային ծրագիրը, որով ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Կներկայացվեն նաև այդ ծրագրով վերջին երեք տարիներին արտերկրում լույս տեսած 40-ից ավելի գրքերը՝ 17 լեզվով:

Նշվում է, որ ռուսաստանյան պատմագիտական հանրության նախագահ, ՌԴ գրականության, գրահրատարակչության և ընթերցանության կազմակերպական կոմիտեի նախագահ Նարիշկինի ղեկավարմամբ և համակարգմամբ հրատարակության է նախատեսվում ԱՊՀ երկրների ժողովուրդների գրականության բազմահատոր անթոլոգիա:

Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի ընքացքում տեղի կունենան աշխատարան-քննարկումներ, որոնց նպատակն այդ հրատարակությունների պատշաճ կազմումն ու լույսընծայումն է: Այդ նախաձեռնության իրականացման համար ձևավորված խմբագրակազմի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից ևս ՌԴ կմեկնի խմբագիր-փորձագետ:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 24-ին: ՀՀ տաղավարը կներկայացնեն «ՀՀ Շիրակի մարզային գրադա­րան» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Ամիրյանը, «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Քամալյանը, Եր­ևանի «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնի աշխատակից Սվետլանա Սահակյանը:

Ցուցահանդեսի ավարտից հետո ներկայացված գրքերը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կնվիրի Մոսկվայում ՀՀ դեսպանության գրադարանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս