Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացնում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին առնչվող հարցեր՝ կարևորելով փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների շրջանակներում փոխադարձ աջակցության առնչությամբ։
Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն իր հույն գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը: