
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կհամագործակցեն կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում

ԱՄՆ-ն և Եվրամիությունը նոր գործընկերություն կսկսեն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը ցածր եկամուտ ունեցող երկրներին մատակարարելու, ինչպես նաև այս հարցում ապատեղեկատվության դեմ պայքարելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով համավարակի դեմ պայքարի հարցով ամերիկյան կառավարության կազմակերպած բազմակողմ առցանց գագաթնաժողովին:
«Մենք պետք է ողջ աշխարհում միավորվենք մի քանի սկզբունքների շուրջ, որոնց համաձայն կպարտավորվենք անհատույց փոխանցել, այլ ոչ թե վաճառել պատվաստանյութի դեղաչափեր ցածր եկամուտ ունեցող երկրներին»,- հայտարարել է Բայդենը:
Նա առաջարկել է նաև 2022 թվականի առաջին կեսին ևս մեկ գագաթնաժողով անցկացնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցով: