Բաժիններ՝

«Ես ներկա եմ եղել, իմ շարքում, դիմացի ու հետևի շարքերում բացակա չեմ նկատել». Սերգեյ Բագրատյանը՝ «գունագեղ տոնակատարության» մասին

Նախկին ԲՀԿ-ական, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «գունագեղ միջոցառմանը»։

Նա հերքեց այն տարածված խոսակցությունները, որ հրավիրյալների համար նախատեսված աթոռների մեծ մասն ազատ է եղել՝ ընդգծելով, իր համար տեսանելի չի եղել մարդկանց բացակայության այդպիսի փաստ։

«Ես ներկա եմ եղել, իմ շարքում, դիմացի ու հետևի շարքերում բացակա չեմ նկատել։ Ենթադրում եմ, որ ընդդիմության որոշ պատգամավորներ չեն եկել, որը քաղաքական ակցիա է։ Պետք է հասկանալ, ընդունել, որ դա բողոքի ձև է։ Բոլոր միջոցառումներին և բոլոր ժամանակներում բացակայություններ եղել են, սա փաստ չի այն երևույթին, ինչ դուք ցանկանում եք տեսնել»,- դիմելով լրագրողներին՝ նշեց պատգամավորը։

Սերգեյ Բարգրատյանի մեկնաբանությամբ՝ ՀՀ անկախության 30-ամյակը չի կարող վերաբերել որևէ մեկին. այն վերաբերում է բոլորին և բոլորի սրբությունն է այն պահելը։

«Որևէ իշխանություն երբևէ անկախության դեմ գործողություններ չի իրականացրել և՛ նախկինում, և՛ այժմ, բոլոր իշխանությունները ձգտել են բացառապես գնալ պետականության հզորացման ճանապարհով։ Այլ հարց է, որ բազմաթիվ փաստերով ապացուցվել է, որ շատ դեպքերում կառավարման ապաշնորհության պատճառով, նաև կոռուպցիայի հետևանքով եղել են խեղաթյուրումներ, որոնք վնասել են պետությանը»,- հավելեց Ս. Բագրատյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի պահանջին՝ Ամարասի վանքի վրայից Արցախի դրոշը հեռացնելուն, Սերգեյ Բագրատյանը հակադարձեց, թե  Ադրբեջանը շատ բան կարող է պահանջել, օրինակ՝ ինքն էլ կարող է պահանջել, որպեսզի հեռացնեն Բաքվում կառավարության շենքի վրայի դրոշը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս