Նիկոլ Փաշինյանը և թիմակիցներն ադրբեջանական տեղանուններ օգտագործելով՝ հող են նախապատրաստում հետագա կորուստների համար. Տիգրան Աբրահամյան

ԱԺ Անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական  հանձնաժողովը չորրորդ անգամ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում չընտրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանն իշխանական խմբակցության այս քայլն այսպես մեկնաբանեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություններն ամենատարբեր պատճառաբանություններով վիժեցնում են, ինչը հնարավորություն չի տալիս հանձնաժողովի աշխատանքն ամբողջական դարձնելու համար։

«Ինձ համար անընդունելի է և անթույլատրելի է, որպեսզի Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովն անընդհատ հավաքվի և քննարկի մի հարց, որը հասարակության համար որևէ նշանակություն չունի։ Կան առաջնահերթություններ, որոնք այս ընթացքում ձևակերպվել ու ներկայացվել են, դրանք վերաբերում են սահմանային խնդիրներին, Զինված ուժերի բարեփոխման հայեցակարգին, Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին, որևէ կերպ օրակարգ չեն բերվում։ Հաշվի առնելով իշխանության այս վերաբերմունքն ու մոտեցումները, նպատակահարմարություն չկա ժամանակ ծախսել, 5-օրյա ժամկետում գալ հավաքվել և որոշել հանձնաժողովի փոխնախագահի հարցը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է իշխանությունների առաջարկին, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեն այլ թեկնածուի, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իշխանությունը չի որոշում՝ երբ ու ինչ պայմաններում իրենք կարող են թեկնածուին առաջադրել, կամ փոխեն իրենց առաջադրած թեկնածուին։

«Իշխանության քմահաճույքներով չէ, որ մենք առաջնորդվելու ենք, կամ իրենց ցանկությունների դաշտում չէ, թե ով է առաջադրվելու, և դրանով ինչ խնդիր են լուծելու ընդդիմադիրները։ Ինձ համար առաջնայինը երկրի առջև ծագած անվտանգային մարտահրավերներն են, որոնց ես փորձում եմ նույնիսկ հանձնաժողովի ձևաչափի շրջանակներում շատ խորքային կամ ամբողջական ձևով անդրադառնալ։ Փաստ է, որ կան բազմաթիվ հարցադրումներ, որոնք ունեն ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև խորհրդարանականները, և փաստ է, որ այդ հարցերի պատասխանները մենք այդպես էլ չենք ստացել։ Արդյունքում՝ ռազմաքաղաքական իրադրությունից բխող ծանր հետևանքներ է ունենում մի շարք ուղղություններում։ Եթե մենք սկզբնական շրջանում խոսում էինք Գորիս-Կապան ճանապարհի անվտանգության մասին, ապա ընթացքում նկատելի էր, խնդիրներ առաջացան իրանական փոխադրումների և մեր քաղաքացիների անվտանգության հետ կապված»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է խնդրին, որ իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Անդրանիկ Քոչարյանը, Սյունիքը Զանգեզուր են անվանում, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ չգիտի, թե նրանք այդպիսով ինչ նպատակ են հետապնդում։

«Մեծ առումով կարծում եմ՝ այստեղ սխալմունք է եղել, քանի որ տրամաբանական առումով չեմ կարող ասել, թե խոսքն ինչի մասին է։ Ընդհանուր առմամբ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, կառույցներ, նաև Նիկոլ Փաշինյանը տեղանուններ  կիրառում է ադրբեջանական, ինչն ինձ մոտ տպավորություն է  ստեղծում, որ հող է նախապատրաստվում հետագա կորուստների համար։ Ադրբեջանը ներկայումս հավակնություններ է  ներկայացնում ոչ միայն կոնկրետ այդ բնակավայրերի, այլև այլ բնակավայրերի մասին»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս