Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների  

Սեպտեմբերին Երևանում կայացավ «Յունիբանկի գավաթ» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը, որին մասնակցեցին թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: Միջոցառումը, որը նվիրված էր Յունիբանկի 20-ամյակին տեղի ունեցավ  Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում: Բանկը փառատոնի գլխավոր հովանավորն էր:

Փառատոնի ծրագիրը ներառում էր երեք խաղ՝  «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ» և  «Էրուդիտ-Սեքստետ»: Բացարձակ հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող «Պրիմատի» թիմը, որն առաջին տեղը զբաղեցրեց բոլոր ինտելեկտուալ մրցույթներում:

Թեժ պայքար ընթացավ այլ մրցանակային տեղերի համար:  «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղում երկրորդ տեղը գրավեց «Խրոնիչեսկիյե ռազումնիյե United» թիմը Բելառուսից, իսկ երրորդ տեղը՝ «ՆՈՒԻԽ» թիմը Հայաստանից: «Բրեյն ռինգ»-ում երկրորդ տեղը զբաղեցրեց հայկական «Առագաստ» թիմը, բրոնզե մեդալի արժանացավ բելառուսական թիմը:

«Էրուդիտ-Սեքստետ»-ում լավագույն արդյունքը ցույց տվեց «Պրիմատի» թիմը, երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրեցին «Հայաստան» և ««Anfield» թիմերը, իսկ չորրորդը՝ ռուսական «Gambler» թիմը:

«Շնորհավորում ենք փառատոնի հաղթողներին և բոլոր մասնակիցներին: Մենք մեծ հաճույքով հովանավորեցինք այս միջոցառումը, որը խորհրդանշում է Յունիբանկի ռազմավարական քաղաքականությունը՝ շեշտը դնելով  ինտելեկտուալ ռեսուրսների վրա: Կիրառելով  նորարարական տեխնոլոգիական լուծումներ և ներգրավելով լավագույն մասնագետներին՝ մենք ստեղծում ենք բանկային ծառայություններ, որոնք բարելավում են մեր հաճախորդների կյանքը: Եվ 20 տարվա ընթացքում մեր ձեռքբերումները հաստատում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք:  «Յունիբանկի գավաթ» փառատոնը մարմնավորում է մեր արժեքները, եւ մենք մեկ անգամ չէ, որ կանկացնենք այս մրցույթը տարբեր երկրների գիտակների համար», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Յունիբանկի գավաթ»-ը  առաջին խոշոր միջազգային մրցաշարն է , որը տեղի ունեցավ Հայաստանում հետկովիդյան շրջանում: Այն շատ կարեւոր քայլ է երկրում ինտելեկտուալ շարժի զարգացման համար: Տարբեր երկրներից ժամանած ուժեղ և հայտնի  գիտակների հետ մրցելու հնարավորությունը լավ խթան է հայաստանյան թիմերի զարգացման համար», – ասաց Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:  Հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով և Argenta գործարանի արծաթե հուշանվերներով: Բոլոր մասնակիցներին նվիրվեցին հայկական արտադրության 30 տարվա խերես և «Չայանե» ապրանքանիշի հայկական խոտաբուսյերով թեյերի հավաքածու:

«Մենք բոլորս կհիշենք այս ջերմ մթնոլորտը  և հիանալի փառատոնը, որը մեզ համար կազմակերպել էր Յունիբանկը հյուրընկալ Երեւանում: Սրտանց շնորհակալ ենք Յունիբանկին ինտելեկտուալ խաղերի աջակցության համար և բանկին մաղթում  ենք հետագա բարգավաճում », – ասաց փառատոնի խաղավար Պավել  Զաբավսկին:

Տեսանյութեր

Լրահոս