Արդյո՞ք այսօրվա դրությամբ իրեն ընտրող ժողովուրդն ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպի Էրդողանի հետ, և հարաբերությունները կանոնակարգվեն. Հոգեբան

«Անկախության 30-ամյակը տոնել ասվածը ես պատկերացնում էի, որ կլինի զինվորական շքերթի տեսքով՝ մի փոքր ոգին բարձրացնելու համար, և կարելի էր Օպերային սիմֆոնիկ, կամերային ինչ-որ բան կազմակերպել՝ բաց դռներով, ոչ թե շահարկել զոհերի ծնողներին: Այս դեպքում զոհերի ծնողներին բաժանեցինք երկու մասի, մի մասը կարծես թե համաձայն էր այդ տոնակատարությանը, մյուս մասը կարծես թե բողոքում էր»,- «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ ընդգծելով, որ հաճախ են ասում, թե իշխանությունն իրականության զգացումը կորցրել է, բայց դա այդպես չէ:

«Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից հետևողական բերեց պատերազմի, պարտվեց, հիմա էլ շարունակում է կատարել Թուրքիայի պահանջները: Իրականության զգացումի կորստի՞ց է, որ Վրաստանի վարչապետի միջոցով Էրդողանի հետ ուզում է կապ պահել՝ ժողովրդից թաքուն: Այն մարդը, ով հրապարակում գոռում էր՝ 3 միլիոն վարչապետ կա, բոլոր որոշումներն այստեղ են ընդունվելու, արդյո՞ք այսօրվա դրությամբ իրեն ընտրող ժողովուրդն ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպի Էրդողանի հետ, և հարաբերությունները կանոնակարգվեն: Մի մարդու հետ, ով ուղիղ մեկ տարի առաջ ակտիվ սպանել է մեր որդիներին: Հիմա մենք դրա հետ խնդրելով, միջնորդ մեջտեղ գցելով՝ փորձում ենք ինչ-որ հանդիպում կազմակերպել: Եթե սա նորմալ է այս ազգի համար, ես այստեղ չեմ տեսնում ազգ, արժանապատվություն: Մենք չենք մոռացել, չէ՞, որ անցած տարի, հոկտեմբեր ամսին կառավարությունը հայտարարեց, որ թուրքական ապրանքների ներկրումը պետք է կանգնեցնել, մենք շատ լավ տեսանք, թե «բայրաքթարից» զոհվեցին մեր որդիները, ու սպանությունների այդ հեղինակին Վրաստանի վարչապետի միջոցով խնդրում ենք, որ մեզ ընդունի: նա էլ հաթաթա է տալիս, թե՝ տեսեք, Զանգեզուրի հարցով ինչ եք անում, նոր կընդունեմ»,- նշեց հոգեբանը:

 

Տեսանյութեր

Լրահոս