Բաժիններ՝

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը չեղարկվել է

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ ավելի վաղ պլանավորված հանդիպումը չեղարկվել է միջոցառումների գրաֆիկների չհամընկնելու կապակցությամբ: Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչը:

«Ես կարծում եմ, որ գրաֆիկները խանգարել են նախարարների մակարդակով այս հանդիպմանը: Բայց այս երկրների նախարարներից շատերը պատրաստվում են հանդիպել այլ ձեւաչափերով»,-ասել է պաշտոնյան:

Այն հարցին, թե կլինի արդյոք ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկողմ հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանի հետ, նա պատասխանել է. «Ես կակնկալեի, որ պետքարտուղարը եւ արտաքին գործերի նախարարը շաբաթվա ընթացքում ինչ-որ մի պահի կարծիքներ փոխանակելու հնարավորություն ունենային»:

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, նա չի ասել, թե հանդիպումը չեղարկելու պատճառ կարող էր լինել այն դիվանագիտական ճգնաժամը, որը կապված է Ֆրանսիայից սուզանավերի ձեռքբերումից Ավստրալիայի հրաժարվելու հետ:

Սեպտեմբերի 15-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը համատեղ հայտարարություն են հրապարակել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը:

Այս դաշինքի շրջանակներում առաջին նախաձեռնությունը կդառնա ատոմային սուզանավերի ստեղծումն Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար:

Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հաղորդել էր, որ Կանբերան որոշել է ստեղծել ատոմային սուզանավերի նավատորմ եւ հրաժարվել ֆրանսիական Naval Group-ի հետ 90 միլիարդ ավստրալական դոլար (շուրջ 66 միլիարդ ԱՄՆ-ի դոլար) արժողությամբ պարտավորագրից՝ հօգուտ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նախագծի: Ինչպես նշել է ընկերությունը, ինքն Ավստրալիային առաջարկել է «գերազանց որակի սովորական սուզանավ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս