
Աշխարհի առաջնությունում պետք է պայքարենք մեդալների համար. Զավեն Անդրիասյան

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը մեծ ակնկալիքներ ունի աշխարհի առաջնությունից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Անդրիասյանը ներկայացրեց հավաքականի կազմը` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Սուսաննա Գաբոյան և Սիրանուշ Ղուկասյան:
«Առաջնությանը մասնակցում են աշխարհի 12 լավագույն թիմերը: Այս անգամ աշխարհի առաջնությունում պետք է պայքարենք մեդալների համար: Ես, իրոք, այն կարծիքին եմ, որ ունակ ենք մեդալների համար պայքար մղել»,- ասաց նա:
Անդրիասյանի կարծիքով, մասնակից մյուս հավաքականների հիմնական ֆավորիտներն անփոփոխ են` Ռուսաստանը, Վրաստանը և Ուկրաինան:
Աշխարհի առաջնության ժամանակ թիմերը կբաժանվեն երկու ենթախմբի: Նրանք մրցելու են նոկաուտ համակարգով, և խմբի հաղթողը փորձելու է պայքարել մեդալենրի համար: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 26-ին:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի Իսպանիայի Սիտժե քաղաքում: Այն կմեկնարկի սեպտեմբերի 26-ին և կեզրափակվի հոկտեմբերի 3-ին: