Աթաթուրքի կուսակցությունը Թուրքիայի համար ազգային սպառնալիքի է վերածվել. Բահչելի

Թուրքիայի աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է քրդական հարցին, որը վերջին օրերին թուրքական մեդիատիրույթի օրակարգում է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս թեման ակտուալ է դարձել այն բանից հետո, երբ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ քրդական հարցը լուծելու համար լեգիտիմ ուժ է անհրաժեշտ: Ըստ քեմալականների առաջնորդի՝ նման լեգիտիմ ուժ կարող է համարվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ):

Քըլըչդարօղլուի այս ելույթից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) դաշնակից-գործընկեր ԱՇԿ-ի ղեկավարը գրավոր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թուրքիայում քրդական հարց գոյություն չունի:

«Նրանք, ովքեր համառորեն պնդում են, թե նման հարց կա, ստոր վախկոտներ են, որոնց սիրտը թուրք ազգի սրտի հետ համահունչ չի բաբախում»,- շեշտել է Բահչելին:

Ըստ Բահչելիի՝ քրդական հարցի մասին խոսող քեմալական կուսակցությունը վերածվում է ազգային անվտանգության սպառնալիքի:

«ԺՀԿ-ի ղեկավարության ապազգային վարքագիծը, դիրքորոշումները, առաջարկները և ցանկությունները սարսափելի կետի են հասել և գրեթե անուղղելի ու անշրջելի սահմանի են մոտեցել»,-նշել է Բահչելին:

Նա նաև անդրադարձել է քրդամետ կուսակցության հնարավոր դերին՝ նշելով, որ ԺԴԿ-ն լեգիտիմ ուժ չէ, այն նույն «ահաբեկչական PKK-ն՝ պարզապես օրինականության տակ դիմակավորված»:

Տեսանյութեր

Լրահոս