«Ծիծեռնակաբերդը պղծելը, ոչնչացնելը, Հայոց ցեղասպանության հիշողությունն ամբողջովին աղավաղելը գնում է երեք շղթայով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ». Հայկ Դեմոյան

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում  իշխանությունը ցուցադրեց անկախության 30-ամյակին նվիրված մասշտաբային ու գունագեղ միջոցառումը, որի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռևս սեպտեմբերի 8-ին՝ կառավարության նիստի ժամանակ։

Թեև 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները, հարազատները իշխանություններից պահանջում էին չեղարկել գունագեղ միջոցառումը, քանի որ իրենց տղաների մահվան մեկ տարին դեռ չի լրացել, և միջոցառման գումարով կարող էին օգնել այն ընտանիքներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց տունը, սակայն իշխանությունը նրանց կոչերն անտեսելով՝ իրականացրեց  «գունագեղ» միջոցառումը։

Միջոցառման ընթացքում Հանրապետության հրապարակի երկնակամարում հայտնվեցին ՀՀ եռագույնի, Մեսրոպ Մաշտոցի և մի քանի այլ պատկերներ։ Լուսային հատուկ էֆեկտներով Հրապարակում պատկերվեց նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի՝ Ծիծեռնակաբերդի հուշակոթողը։ Այս հանգամանքը զարմանք է առաջացրել հանրության շրջանում, թե ի՞նչ կապ ունի հուշակոթողը «գունագեղ» միջոցառման հետ։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հանգամանքին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ասաց, թե չի ուզում գնահատել միջոցառման բովանդակությունը, որովհետև ապաշնորհ գործ կլինի՝ մեկնաբանել մի համերգի մտահղացում, որի գլխավոր շարժիչ ուժը եղել է մեծ փողեր դուրս գրելը՝ հարկատուների հաշվին։

«Համոզված եմ, այդ ամենն արվել է վաղուց մշակված սցենարի հիման վրա։ Ես չեմ ուզում հանդես գալ նրանց գնահատական տվողի կամ քննադատի դերում, որովհետև, ինչպես ասում են, դա արքայական գործ չէ։ Բայց որ Ծիծեռնակաբերդն իրենք վերջին երեք տարիների ընթացքում հաջողությամբ մսխեցին, հնարավորինս բոլոր ձևերով պղծեցին, այնտեղ արվեցին բոլոր այլանդակությունները՝ փաստ է։ Ֆեյսբուքյան իմ էջում մոտ մեկ շաբաթ առաջ հրապարակեցի կոնկրետ մեղադրանքներ, որոնք ուղղված էին թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին, բայց այստեղ պետք է հասկանալ, թե ովքեր են գլխավոր հասցեատերերը։ Հարություն Մարությանին ընտրող հոգաբարձուների խորհուրդն է մեղավոր, իսկ այն ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի հունիսի 15-ին։ Ծիծեռնակաբերդը պղծելը, ոչնչացնելը, Հայոց ցեղասպանության հիշողությունն ամբողջովին աղավաղելը գնում է երեք շղթայով՝ Նիկոլ Փաշինյան, հոգաբարձուների խորհուրդ, տնօրեն»,- նշեց Հայկ Դեմոյնաը։

Ըստ նրա, իր հասկանալով՝ միջոցառման ժամանակ խորհրդանիշների խառնիճաղանջ կույտ էր ներկայացվում՝ Հայկ Նահապետ, Սարդարապատ։

«Այդ ամենն այնքան չարչրկված ու հին են, որ որքան էլ իրենք փորձեն ներկայացնել սյուր ու աննախադեպ՝ չի ստացվում։ Երբ Հայոց ցեղասպանության տարելիցին հուշահամալիրի վրա հրապարակվեց մարդկանց անուններ, հաջորդ օրը հիշո՞ւմ եք՝ ինչպիսի կենացներ էին հնչում կազմակերպիչներին նվիրված։ Նիկոլ Փաշինյանն անուն առ անուն հիշատակում էր, թե ովքեր են գլուխգործոցներ ստեղծողները, ովքեր են ապահովել լուսային դիզայնը։ Հիմա էլ այն նույն մարդիկ են, որոնք աշխատում են, նույն փողերը բաշխվում են նույն հասցեներով, հարստանում են նույն մարդիկ՝ գործում է այս սխեման։ Այս ամենով նաև փոշի են փչում չտես զանգվածի աչքին, որոնց համար այդ ամենը վերջին գլուխգործոցն է, այս ամենն անիմաստ բան էր։ Կարող էին ավելի զուսպ միջոցառում կազմակերպել, լինել այն մարդկանց կողքին, ովքեր ուշադրության կարիք ունեն, իսկ մենք գիտենք՝ այդ մարդիկ ովքեր են»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը։

Տեսանյութեր

Լրահոս