«Տունս թշնամին է օգտագործում. ի՞նչ տոն նշենք՝ նշելու հավես ու սիրտ չկա». Որոտանի բնակիչ
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից ոստիկանական անցակետ տեղադրելը շարունակում է անվտանգային խնդիրներ առաջացնել անցորդների համար։ Իրանցի վարոդներին կանգնեցնելուց ու որոշակի գումար գանձելուց զատ, թշնամին նաև կանգնեցնում է հայ վարորդներին, դրա վառ ապացույցն այն է, որ սեպտեմբերի 19-ին թշնամին տարել էր երկու հայերի, ժամեր անց ռուսական կողմի աջակցությամբ հնարավոր էր եղել նրանց վերադարձնել։
168.am-ի հետ զրույցում Որոտան գյուղի բնակիչ Սեյրան Օհանջանյանը, ում տունը մնացել է թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում, ասաց, որ Որոտանի այն հատվածում, որտեղ թշնամին անցակետ է դրել, մեքենաներն այդ հատվածով անցնում են ռուսական կողմի վերահսկողությամբ։
«Սպասում են, մի քանի մեքենա հավաքվում է, ռուսական կողմը տանում, նրանց ճանապարհում է, այսինքն՝ իրենք են ճանապարհն անցկացնում, որ անվտանգ լինի»,- ասաց Սեյրան Օհանջանյանը։
Միաժամանակ նա ասաց, որ այն երկհարկանի տունը, որտեղ այս պահին ադրբեջանական դրոշն է դրված, իր տունն է։
«Իմ տունը, այգին՝ ամեն ինչով, այդ GPS-ով անցել է թշնամու վերահսկողության տակ։ Տունս թշնամին է օգտագործում, չգիտեմ՝ իրենց համար անցակետ են սարքում, ինչ են անում։ Իմ տան համար ինձ կանչել են երկու անգամ, առաջարկել են փոխհատուցում տալ, բայց այդ փոխհատուցումը վերցնեմ՝ ի՞նչ անեմ, ես կկարողանա՞մ դրանով տուն սարքել։ Հասարակ օրինակ ասեմ՝ բաժակն արժե 2000 դրամ, իրենք ինձ ասում են՝ արի, 1000 դրամ տանք, ես դա վերցնեմ՝ ի՞նչ անեմ։ Պետք է գումարը համարժեք լինի, որ ես ինձ տուն սարքեմ։ Սա ես ուղղակի օրինակ բերեցի, որ հասկանաք, թե ինձ ինչ գումար են տալիս։ Ես տուն եմ սարքել, հող, այգի, իրենց պատճառով ամեն ինչ կորցրել եմ, այդ ամենն իմ աշխատանքն է եղել, երկու ուսանող ունեմ, անչափահաս տղա, վարկեր, որևէ բան չեմ կարողանում անել, ոչինչ»,- շեշտեց նա։
Խոսելով ՀՀ անկախության 30-րդ ամյակին նվիրված «գունագեղ տոնակատարության» մասին, որն այսօր տեղի է ունենալու Հանրապետության հրապարակում, Սեյրան Օհանջանյանը նկատեց՝ ինչ ուզում է՝ թող անեն, անձամբ ինքը ո՛չ սիրտ, ո՛չ էլ ցանկություն ունի որևէ տոն նշելու։
«Ի՞նչ տոն նշենք, բոստանում չարչարվում ենք, որ գոյատևենք, նշելու հավես ու սիրտ չկա։ Ասում են, որ այդ միջոցառումների գումարը պետական բյուջեից չէ, հասկացանք, որ բյուջեից չէ, թող տային մարդկանց, իրենց խնդիրները լուծեին, այսօր մարդկանց վիճակը վիճակ չէ, այդ թվում՝ նաև իմը։ Պատգամավորներին պարգևավճարներ են տալիս, խրախուսում են կամ չգիտեմ՝ ինչ են անում, թող տային կարիքավոր մարդկանց, ես ասում եմ՝ իմ վիճակը վատ է, բայց ինձանից ավելի վատ վիճակում գտնվող մարդիկ էլ կան։ Տղաներ կան, որ ձեռք ու ոտք չունեն, վիրահատության պետք է ենթարկվեն, այդ պարգևավճարները նրանց թող տային։ Անորոշ վիճակ է, ես չգիտեմ՝ ինչ է լինելու»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ երբ նախորդ տարվա դեկտեմբերին Պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սյունիքի մարզի բոլոր շահեկան դիրքերը հանձնվեցին թշնամուն՝ արդյունքում բազմաթիվ բնակիչներ կորցրեցին իրենց տները, քանի որ դրանք գտնվում են հանձնված տարածքում։