«Ցավոք, եղավ այնպես, որ մենք չկարողացանք այդ անկախության տված բարիքները ճիշտ օգտագործել՝ գնացինք հակառակ ուղղությամբ». Ռադիկ Մարտիրոսյան

Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ԳԱԱ թղթակից անդամ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ այն ամենը, ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ վերջին մեկ տարվա ընթացքում, դրանից հետո իմաստ չկար «գունագեղ» տոնակատարություն կազմակերպել ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ։

«Ժողովրդի մեծ մասը կարծում է, որ այսօր իմաստ չկա գունագեղ միջոցառումներ անելու, որովհետև մեր տղաների, հարազատների զոհվելու 1 տարին դեռ չի լրացել։ Մեր ավանդույթներում ընդունված է, որ զոհվածի ընտանիքում ուրախություններ չանեն, մինչև մեկ տարին չլրանա։ Անկախության տոնը պետք է նշեին ոչ թե գունագեղ միջոցառումներով, այլ լռությամբ, լրջությամբ, անդրադարձ անեին այն դժվարություններին, որոնց առջև այսօր կանգնած է մեր երկիրը։ Կամ գոնե մտածեին, թե ինչ են անելու, որպեսզի հավերժացնեն այն նահատակված տղաների հիշտակը, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։ Եթե այդքան շատ էին ուզում անկախության տոնը նշել, թող այդպես նշեին՝ իմաստ չկար գունագեղ միջոցառումների»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռադիկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վերջին 30 տարիների պատմության մեջ ամենամեծ ձեռքբերումը հենց անկախությունն էր, որն այդպես էլ չկարողացան ծառայեցնել հանուն Հայաստանի զարգացման։

«Իհարկե, մեր ամենամեծ ձեռքբերումը եղել է անկախությունը, որը հնարավորություն պետք է տար մեր կյանքում մեծ փոփոխությունների, ցավոք, եղավ այնպես, որ մենք չկարողացանք այդ անկախության տված բարիքները ճիշտ օգտագործել՝ գնացինք հակառակ ուղղությամբ»,- հավելեց Ռադիկ Մարտիրոսյանը։

Ըստ նրա, Հայաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ հասարկությունը պետք է կենտրոնանա այդ խնդիրների վրա՝ ՀՀ անկախության պահպանության, պատերազմական իրավիճակից դուրս գալու և  անվտանգությանն առնչվող հարցերին լուծում տալու։

«Սրանք այն կարևոր հարցերն են, որոնք լուծելու համար մենք մեր սեփական ուժերը և դաշնակիցների ուժերը պետք է մեկտեղենք, թե չէ այս վատ միտումները կարող են շարունակվել»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930