Դավաճաններին անդունդը նետելուց և կամուրջը կառուցելուց հետո անցնելու ենք այն ճանապարհով, որը տանելու է դեպի ազգային, բարեկեցիկ, ուժեղ ու անկախ պետություն. Արմեն Նավասարդյան
«Մեծամիտ հայ հասարակությունը գլխիկոր ստրկացվում է թշնամու կողմից… «աշխարհը մերն ա, աշխարհում ամեն մի հայ աշխարհի տերն ա» բառերով երգի տակ զվարճացող ազգն իրականում թքած ունի իր մեծ հայրենիքի մի մասը կազմող Արցախի կորստի վրա…
Արդյո՞ք մեր հոգևոր, մտավոր անկումն այնքան է մեծացել, որ հավաքական իմաստով առաջնորդվում ենք գուցե այն ցնորամիտ զառանցանքով, որ Արցախն ադրբեջանի կազմում լինի, թե չլինի, միևնույնն է, ադրբեջանն էլ ամբողջ աշխարհի հետ մերն է…
Ամենօրյա անասնական վայելքների ճիրաններում խեղդվող, միայն անցողիկ զվարճանք գտնելու մոլուցքով տարված մեր հասարակության մի ստվար զանգված երեք տարի շարունակ մեր անկախության անդանակ մորթման պրոցեսն անտարբեր դիտելուց հետո, որոշել է մասնակցել նաև մեր անկախության թաղման արարողությանը…
Ազգադավ իշխանությունները վաղուց արդեն գնահատելով հանրության այդ մասի մտաբարոյական, հոգևոր դեգրադատվածության աստիճանը՝ վերջիններիս ճաշակին համապատասխան այդ պրոցեսը մշտապես թաթախում են զվարճանալու հնարավորություն ընձեռող տարատեսակ «համեղ» թույների մեջ…
Կենաց ասելը ստի մրցաշարի վերածող, մեր ներքին «իրարակերության» փայլով թշնամուն մեզ ճնշելու ազդակ հաղորդող, ինքնահավանությամբ ու ձևականությամբ հիվանդ, աշխարհի տիրակալի ինքնավստահությամբ հարբող ու թմրող, սեփական հայրենակցի վրա ինքնահաստատվելուց, իսկ մոտ ապագայում թշնամու կողմից նվաստացվելուց չխորշող, նախանձի ճահճում խեղդվող ազգ ենք, որ բռնել է անկախությունից հրաժարման ու ինքնակործանման միակողմանի ճանապարհը և վստահ առաջ է շարժվում…
Որքան անդունդը մոտենում է այնքան ավելացնում ենք արագությունը…Մեզ պետք է արգելակել այս խելահեղ պոռթկմամբ առանձնացող կործանիչ ընթացքը և այլևս հետ վերադառնալու հնարավորությունից զրկված` փորձել կառուցել մեր փրկության կամուրջը…
Անկախ մերօրյա հայ ազգի թերությունների առատությունից՝ ես վստահ եմ, որ մեր մեջ արթնացնելու ենք իսկական հային, բուժելու ենք մեր վերքերը, վերադառնալու ենք իրականության դաշտ ու հստակ գիտակցենք տիրող քաոսի ու ողբերգության չափը, վտանգի ահռելիությունը…
Ես վստահում եմ հայ ազգի ստեղծարար ուժին և հավատում եմ, որ ներքին դավաճաններին անդունդը նետելուց և կամուրջը կառուցելուց հետո անցնելու ենք այն ճանապարհով, որը տանելու է դեպի ազգային, բարեկեցիկ, ուժեղ ու անկախ պետություն..»։
Արմեն Նավասարդյան