Փաշինյանը «համբուրում» է Էրդողանի ձեռքը, որի փեսայի Բայրաքթարները սպանել են հազարավոր հայերի. Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու առաջարկ է փոխանցել: Երեկ ԱՄՆ մեկնելուց առաջ լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել էր հենց ինքը՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

«Եթե ցանկանում է Թայիբ Էրդողանի հետ հանդիպել, ապա արդեն պետք է արվեն հայտնի քայլերը։ Մենք բանակցությունների առաջ փակ չենք, բանակցություններ սկսելիս հայկական կողմը պետք է ցույց տա իր դրական մոտեցումը»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի հայտարարությանը պաշտոնական Երևանից արձագանքել է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, որը ոչ միայն չի հերքել Էրդողանի ասածները, այլ հաստատելով հավելել է. «Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների»:

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ էդուարդ Շարմազանովը, արձագանքելով Փաշինյան-Էրդողան հեռակա երկխոսությանը, նշեց, որ դա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Հայաստանն այլևս դադարել է լինել որպես անկախ և ինքնիշխան պետություն, ինչի բացակայությունն էլ ավելի վտանգավոր է դարձնում Փաշինյանի քայլերը։

«Հայաստանն ունի մի կապիտուլյանտ իշխանություն, որը մսխել է մեր ինքնիշխանությունը, ոչնչացրել է մեր բանակը՝ որպես արժեք, հետևապես՝ կապիտուլյանտ ռեժիմի առաջնորդը հանդիպում է մուրում Էրդողանից։ Փաշինյանը քաղաքական մուրացկանությամբ է զբաղված, իսկ դա այն գինն է, որը նա վճարում է այդ աթոռին մնալու համար։ Սրանց շնորհիվ Հայաստանը դարձել է որբի գլուխ, այսօր Հայաստանի քաղաքացին իր ինքնիշխան տարածքում անվտանգ չէ։ Իսկ այս ամենի վերջը լինելու է այն, որ այս գունավոր դասական հեղափոխության հետևանքով Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, ուղղակի չի լինելու։ Կրկնում եմ՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, եղել է Հայաստանի 3-րդ Հանրապետության վերջին ինքնիշխան պետությունը»,- ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամը։

Ըստ Շարմազանովի՝ հայ-թուրքական երկխոսության՝ թուրքական օրակարգին դեմ լինելով՝ ինքն ամենևին էլ պատերազմի և թշնամանքի քարոզ չի անում, սակայն անհայտ է, որ նման երկխոսություն ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի պարտադրած օրակարգով սկսել չի կարելի, ինչին գնում է Փաշինյանը՝ համաձայն պատերազմից առաջ իր ընտանեկան թերթում հրապարակված մի հոդվածի, որտեղ հստակ գրված էր, որ պետք է ոչ թե Ռուսաստանի հետ գնալ արտաքին քաղաքականության, այլ հենց Թուրքիայի։

«Այս անձնավորությունը փորձելու է շուստրիություն անել և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ ընդունելով նրանց նախապայմանները, ինքը դառնալու է Թուրքիայի կամակատար հնազանդ հարսը, իսկ նման Հայաստանի համար Թուրքիան այլևս սպառնալիք չի դիտարկվի, և այդժամ հարց է դրվելու ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ ՀՀ-ից հեռացնելու։ Ինչպես ասել եմ ընտրություններից առաջ, նույնը կրկնում եմ հիմա՝ ով Փաշինյանին ձայն է տվել՝ ձայն է տվել Հայաստանի՝ թրքացման ու թրքական վիլայեթի վերածման:

Ինձ համար զարմանալի է, որ էսօր չկան այն կեղծ հայրենասերները, որոնք ապրիլյան պատերազմից հետո ասում էին, թե ռուսական զենքով են ադրբեջանցիները մեր դեմ կռվում։ Որտե՞ղ են հիմա նրանք, բա թուրքական բայրաքթարները հազարավոր հայերի են սպանել, Փաշինյանն էր իր հանդիպումների ժամանակ ասում, թե մեր առաջին խնդիրը եղել է բայրաքթարը, իսկ ո՞վ է հայի դեմ ուղարկել բայրաքթարը՝ դրա ստեղծողը՝ Էրդողանի փեսան է, ու հիմա Փաշինյանը գնում, համբուրում է մեկի ձեռքը, որի փեսայի ուղարկած բայրաքթարները հազարավոր հայերի են ոչնչացրել»,- ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս