Բաժիններ՝

Պատգամավորների՝ Ֆիզգորոդոկ այցից հետո շինհրապարակում աշխատանքները դադարեցվել են, սակայն բնակիչներից մեկի հացադուլը շարունակվում է

Երևանի «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում բնակիչները շարունակում են պահանջել դադարեցնել գիտավանի տարածքում 12 հարկանի բնակելի շենքի շինարարությունը:

Նրանցից երկուսը՝ Կարեն Ամիրխանյանն ու Հայկ Հարությունյանը, հացադուլ էին հայտարարել, սակայն գիտավանի բնակիչ Կարեն Ամիրխանյանը նախատեսված 20 օրերից հետո` սեպտեմբերի 15-ին, դադարեցրել է հացադուլը՝ առողջական վիճակից ելնելով։ Բժիշկներն արձանագրել են, որ 20 օրում նա կորցրել է 12.5կգ քաշ։

«Հայկ Հարությունյանը շարունակում է հացադուլը․ արդեն 24 օր է, որ նա հացադուլի մեջ է, որից 2 օրը նաև ջրադուլ էր հայտարարել։ Հայկ Հարությունյանի առողջական վիճակը և ինքնազգացողությունը նորմալ է, և նա մտադիր է շարունակել հացադուլը այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել օգոստոսի 26-ին ներկայացված պահանջները, այն է՝ կասեցնել շինաշխատանքները, տրամադրել Ալիխանյան 6/1 տարածքի կարգավիճակի մասին հիմքերը և Հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումների վերաբերյալ եզրակացությունը»,- մեզ հետ զրույցում ասաց թաղամասի բնակիչներից Վահրամ Ասատրյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավերով Ֆիզիկայի գիտավանի բնակիչների մի խումբ մասնակցել է հանդիպում-քննարկմանը, որի ընթացքում ԱԺ պատգամավորների և քաղաքապետարանի ներկայացուցիչների համար ներկայացրել են Ֆիզգորոդոկում ընթացող ապօրինի շինարարության հետ կապված բոլոր խնդիրները: Ներկա է եղել նաև կառուցապատող «Ռատկո» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Մնացականյանը:

Հանդիպման հաջորդ օրը պատգամավորները Երևանի քաղաքապետարանի տեսչական մարմնի և «Գազպրոմ Արմենիայի» տեսուչի ուղեկցությամբ այցելեցին Ֆիզգորոդոկ: «Ռատկո» ՍՊԸ-ն արգելել է բնակիչներին մուտք գործել ապօրինի շինհրապարակ, սակայն պաշտոնական հանձնախումբը կարողացել է ներս մտնել ու տեղում արձանագրել շինհրապարակի կազմակերպման խախտումները, տեսնել փորված փոսորակն ու դեռևս առկա վերգետնյա բետոնի մի հատվածը, որն ապացուցում է տեղում որևէ նկուղի բացակայությունը:

Հանձնախումբը, մասնավորապես, արձանագրել է, որ բնակիչների գազամատակարարումն ապահովող գազատար խողովակն անցնում է շինհրապարակով` ընթացող փորման աշխատանքների անմիջական հարևանությամբ, ինչը շինհրապարակի կազմակերպման լուրջ խախտում է: «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչը բնակիչներին ասել է, որ կառուցապատողը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղափոխել ցանկապատն այնպես, որ խողովակն այլևս ընդգրկված չլինի շինհրապարակում:

Տեսչական մարմնի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ ձեռնարկել են խնդրի խորքային ուսումնասիրություն` հողի ապօրինի օտարման գործընթացից՝ մինչև շինաշխատանքների իրականացում:

«Պատգամավորների այցից մինչ այս պահը շինհրապարակում աշխատանքները դադարեցված են»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Ֆիզգորոդոկի կառուցապատման անօրինական գործընթացների շղթան սկսվել է 2004թ., երբ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ճանաչել է Տիգրան Աղաջանյանի սեփականության իրավունքը գիտավանի տարածքում 50,8 քմ մակերեսով նկուղի և 1976,1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: 2006 թվականին նույն տարածքը սեփականության իրավունքով վերագրանցվել է Անդրանիկ Բալասանյանի և «Ռատկո» ՍՊԸ անուններով, որոնք էլ ներկայում իրականացնում են շինարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս