«18 գյուղ ինձ ընտրել են, նրանց անունից միշտ պետք է հանդես գամ. ԱԺ-ում խոսելու եմ համայնքների խոշորացման ու անվտանգային հարցերից»․ Գեղամասար համայնքի ղեկավար

ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագծերը։ Այս փուլում նախատեսվում է 441 համայնք ընդգրկել 37 համայնքային փնջերում, սեպտեմբերի 8-ի Կառավարության նիստի ընթացքում ասել էր ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 22-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝  ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքը միացնել Վարդենիս համայնքին, այն դեպքում, որ 2017 թվականին Գեղամասարն արդեն խոշորացվել է և 18 գյուղ է ներառվել համայնքում։ Նոր խոշորացման նախագիծն ու կառավարության մտադրությունն առաջացրել է Գեղամասարի բնակիչների դժգոհությունը, ինչը սեպտեմբերի 16-ին արտահայտվեց ճանապարհը փակելու ձևով։

Իսկ երկու օրից խորհրդարանում կայանալիք քննարկմանը մասնակցելու հրավեր է ստացել նաև Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, որը 168.am-ի հետ զրույցում հայտնեց նաև, որ մասնակցելու է և նաև հանդես է գալու ելույթով․

«Հրավերը եղել է և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից, բայց ես «Հայաստան» դաշինքի կողմից եմ ներկայանալու։ Խոսելու եմ համայնքների խոշորացման թեմայի վերաբերյալ, ինչպես նաև՝ անվտանգային հարցերից։

Հարցին՝ արդյոք մտավախություն չունի՞, որ այդ ելույթից հետո իշխանությունները կթիրախավորեն իրեն և կրկին ինչ-որ քրեական գործերով կսպառնան, Հակոբ Ավետյանը պատասխանեց․

«Այնպես չէ, որ այս պահին իմ նկատմամբ հետապնդումներ չկան, հետապնդումը միշտ էլ կա, ու դա ինձ համար բացարձակ բան չի փոխում։ Եթե ես մի բան գտնում եմ, որ պետք է, պարտադիր է ասելը, ինչո՞ւ պետք է լռեմ, եթե պետք է ավելի հետապնդեն, ձերբակալեն, դա իրենց գործն է, բայց ինձ մոտ դա բան չի փոխում։ Ես ընդհանրապես ագրեսիվ տրամադրված չեմ, որ ասեմ՝ հատուկ իրենց դեմ եմ գնում, ո՛չ, այն հարցը, որը ես գտնում եմ՝ սխալ է, նաև իրավունք չունեմ չխոսել, քանի որ 18 գյուղ ինձ ընտրել են, ես նրանց անունից միշտ պետք է հանդես գամ, եթե մի բան զգում եմ, որ վատ է, կարող է վնասել՝ իրավունք չունեմ չխոսել․․․ Ես միշտ ասել եմ, եթե կառավարությունը մի լավ բան անի, զգանք, որ դա ի նպաստ պետության է, ես պատրաստ եմ ողջունել և իրենց կողքին կանգնել այդ հարցի շուրջ․ լավ հարցին միշտ կողմնակից եմ, վատին էլ դեմ եմ»։

Հակոբ Ավետյանն ասաց, որ իշխանություններն այսօր էլ շարունակում են տարբեր սպառնալիքներով հատապնդել իրեն, սակայն առանց հիմքի․

«Եթե տակը հիմք ունենային, հիմա ինձ շուտ էին կալանավորել։ Դրել, ասում են, թե՝ հարկերը չես հավաքել, սարքում են քրեական եսիմինչ հանցագործություն․․․ Լա՛վ եմ արել, հարկերը չեմ հավաքել․ պատերազմի ժամանակ ես ինձ բարոյապես թույլ չէի տա, որ այդ մարդիկ պատերազմին մասնակցում են, ես ասեմ՝ բերեք, հարկերը տվեք։ Ասեմ ավելին, ես այդ ժամանակ միլիոններով փող եմ ծախսել իմ գրպանից, տարբեր ընտանիքների եմ օգնել․․․»։

Տեսանյութեր

Լրահոս