
«Էդ «շուխուռը», որ բարձրացել է, որ պարսիկներից փող են հավաքում, արդեն նաև պարսիկների խնդիրն է». Գագիկ Մելքոնյանը՝ ադրբեջանցիների՝ իրանական մեքենաների վարորդներից գումար գանձելու մասին

Դա արդեն նաև պարսիկների խնդիրն է: Այս մասին լրագրղների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների՝ իրանական պետհամարանիշներով մեքենաների վարորդներից գումար պահանջելու դեպքերին:
«Էդ «շուխուռը», որ բարձրացել է, որ պարսիկներից փող են հավաքում, արդեն պարսիկների խնդիրն է, որ իրենք կարողանան միջամտել: Դա էլ լուծելի հարց է, այնպես չէ, որ չի լուծվի»,- ասաց Մելքոնյանը:
Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհի կառուցմանն ու հարցին՝ հնարավո՞ր է՝ պատճառը նաև այն է, որ Գորիս-Կապան ճանապարհի հարցում հաջողություններ չգրանցվեն, իշխանական պատգամավորն արձագանքեց. «Դրանք էդ «բուդկան» դրել են, թող նստեն դրա մեջ, ինչքան կարող են: Մենք մեզ համար այլընտրանքային ճանապարհ պե՞տք է կառուցենք, թե՞ ոչ: Շատ լավ է, որ կառուցվում է ճանապարհը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե ՀՀ վարչապետը նրան հանդիպման առաջարկ է արել ու հարցին՝ կա՞ արդյոք հիմք Թուրքիյաի հետ հարաբերություններ սկսելու, Գագիկ Մելքոնյանն արձագանքեց. «Ես մի բան գիտեմ՝ չկա հավերժական թշնամի, չկա հավերժական բարեկամ: Բարեկամներն էլ, թշնամիներն էլ կարող են փոխվել»: