
Թալիբներն ուզբեկերենին զրկել են երկրի պաշտոնական լեզվի կարգավիճակից. ՌԻԱ

Ծայրահեղական «Թալիբան» շարժումը նոր օրենք է ընդունել, որով ժամանակավորապես սահմանվում է Աֆղանստանի կառավարման նոր համակարգը: Փաստաթուղթը շարժման ներկայացուցիչ համարվող աղբյուրի կողմից ուղարկվել է «ՌԻԱ Նովոստի»:
Օրենքում ամրագրված է, որ Աֆղանստանում պաշտոնական կրոնը Հանաֆիական մազհաբի սուննի իսլամն է, իսկ պաշտոնական լեզուները՝ փուշտուն և դարին: Նախկինում այդ երկրում պաշտոնական լեզվի կարգավիճակ ուներ նաև ուզբեկերենը, որն օգտագործում են երկրի հյուսիսային շրջանի բնակչները: Բացի այդ, երկրում զգալի թիվ է կազմում շիական համայնքը՝ բաղկացած մեծամասամբ խազարներից:
Փաստաթղթում նշվում է, որ Աֆղանստանում ստեղծվելու են իսլամիստ իրավաբանների խորհուրդ և բարձրագույն խորհուրդ, որի կազմում են լինելու քաղաքական գործիչներ, գիտնականներ և հոգևոր ծառայողներ բոլոր նահանգներից:
Գործադիր իշխանության ղեկավարը լինելու է նախագահը, ում ընտրելու են քաղաքացիներն ու բարձրագույն խորհրդի անդամները: Թափանցիկ ընտրություններ ապահովելու նպատակով ստեղծվելու է ընտրական հանձնաժողով: Խորհրդարանի անդամներն այլևս չեն ունենալու պատգամավորական անձեռնմխելիություն:
Հաղորդվում է նաև, որ «բրիտանացիներից, ռուսներից ու ամերիկացիներից անկախանալու օր» հռչակվելու է տոն: