Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն ընդլայնում է հարստացված ուրանի արտադրության օբյեկտը. CNN

Նոր արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ԿԺԴՀ-ն ընդլայնում է ուրանի հարստացման իր հանգուցային օբյեկտը, որը նախատեսված է միջուկային զենքի համար: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով փորձագետների:

Սպառազինությունների փորձագետ եւ ԱՄՆ-ի Միդլբերիի միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր Ջեֆրի Լյուիսը հեռուստաալիքին հայտարարել է, որ նկարների վրա, որոնք արվել են Maxar ընկերության կողմից, երեւում է, որ Յոնբյոնում գտնվող միջուկային հետազոտությունների համալիրի տարածքում ընթանում է ուրանի հարստացման գործարանի կառուցում:

Դա, փորձագետի կարծիքով, կարող է ԿԺԴՀ-ին թույլ տալ զենքի արտադրման համար միջուկային նյութերի արտադրությունն ավելացնել 25 տոկոսով:

«Վերջին ընդլայնումը Յոնբյոնում, հավանաբար, արտահայտում է զենքի արտադրման համար միջուկային նյութերի արտադրության ավելացման պլանները»,-նշել է Լյուիսը:

Նա հավելել է, որ ավելի վաղ օբյեկտում ջանքեր են գործադրվել տարածքն ավելացնելու համար, ինչը թույլ է տալիս նրանում ավելի շատ ցենտրիֆուգ տեղավորել հարստացման համար:

«Նոր տարածքը կազմում է շուրջ հազար քառակուսի մետր, ինչը բավական է եւս երեք հազար ցենտրիֆուգ տեղակայելու համար: Հազար ցենտրիֆուգի հավելումը կմեծացնի օբյեկտի հզորությունը բարձրհարստացված ուրան արտադրելու համար»,-հայտարարել է փորձագետը:

ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 15-ին բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել Ճապոնական ծովի կողմը: Հրթիռները 60 եւ ավելի կիլոմետր բարձրությամբ թռել են մոտավորապես 800 կիլոմետր: ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը փորձարկումների ժամանակ ներկա չի գտնվել: Դրանից առաջ սեպտեմբերի 11-ին եւ 12-ին Հյուսիսային Կորեան անցկացրել է մեծ հեռահարության թեւավոր հրթիռների արձակում: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը արձակումները որակել է սադրանք, ինչը հարուցել է ԿԺԴՀ-ի կողմի քննադատությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս