
Լոնդոնի դատարանը արքայազն Ֆիլիպի կտակը գաղտնիացրել է 90 տարով

Լոնդոնի Բարձրագույն դատարանը 90 տարով հետաձգել է արքայազն Ֆիլիպի կտակի հրապարակումը, որպեսզի պաշտպանի նրա այրու՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու «արժանապատվությունն ու համբավը»: Այդ մասին հաղորդել է BBC-ն։
Այդ ողջ ժամանակաշրջանում ծրարը գտնվելու է Լոնդոնի Բարձրագույն դատարանի ընտանեկան գործերի ստորաբաժանման նախագահի չհրկիզվող պահարանում, որտեղ պահվում է թագավորական ընտանիքի մահացած անդամների եւ Եղիսաբեթ Երկրորդի մահացած մերձավորների եւս 30 կտակ: Ձեւավորված սովորույթը ենթադրում է, որ թագավորական կտակը կարող է կնքված մնալ երկար տասնամյակներ:
Դա, ինչպես հաղորդում են լրագրողները, կարող է օգնել գաղտնի պահելու կառավարող միապետի ու նրա շրջապատի անձնական կյանքի առանձին ասպեկտներ: Բացառություն է արվել միայն մեկ անգամ: 1997 թվականին բացել են արքայադուստր Դիանայի կտակը, որի համաձայն, նա ունեցվածքը թողել էր որդիներին՝ Ուիլյամին եւ Հարրիին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: