Վրաստանում մահացությունը գերազանցում է ծնելիությանը. վիճակագրություն
Վրաստանում տարեսկզբից գրանցվել է բնակչության բնական աճի բացասական ցուցանիշ: Այդ մասին հաղորդել է «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայությունը։
Գերատեսչության նախնական տվյալների համաձայն, հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակաշրջանում Վրաստանում ծնվել է 21 հազար 839 երեխա այն դեպքում, երբ այդ ժամանակաշրջանում մահացել է 25 հազար 821 մարդ: Բնակչության բացասական աճն արձանագրվել է բոլոր տարածաշրջաններում, բացի Աջարիայից եւ Քվեմո Քարթլիից: Երկրում ծնելիությամբ առաջատարը Թբիլիսին է, որտեղ ծնվել է 7101 երեխա: Ծնելիությամբ երկրորդ տեղում Իմերեթի տարածաշրջանն է (2769 երեխա), երրորդում՝ Աջարիան (2556): Ամենաքիչ երեխաները ծնվել են Ռաչա-Լեչխումի եւ Քվեմո Սվանեթի տարածաշրջաններում՝ 123 երեխա, Մցխեթ-Մթիանեթիում՝ 506 եւ Գուրիում՝ 521: Ինչ վերաբերում է մահացությանը, ապա այստեղ առաջատարը մայրաքաղաքն է:
Հաշվետու ժամանակաշրջանում Թբիլիսիում մահացել է 7776 մարդ: Երկրորդ հորիզոնականում Իմերեթին է՝ 4286 մարդ, իսկ երրորդում՝ Սամեգրելո-Զեմոն, որտեղ մահացության ցուցանիշը կազմել է 2501: Բացի այդ, «Սաքստատ»-ի տվյալներով, կես տարվա ընթացքում գրանցվել է 9163 ամուսնություն եւ 4675 ամուսնալուծություն: Հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակաշրջանում հարաբերություններն ամենից շատ օրինականացրել են Թբիլիսիում՝ 2,5 հազար զույգ, սակայն, ամուսնալուծությունների թվով նույնպես ամենամեծ բաժինն ընկնում մայրաքաղաքին՝ 1,7 հազար, հաղորդել է Soutnik-ը: