Բաժիններ՝

Մայրական սիրո ուժը

Սերը կարող է տարբեր լինել: Կա սեր հայրենիքի հանդեպ, ընտանիքի, սիրած էակի ու կա մի սեր, որը չի կարող համեմատվել ոչնչի հետ: Խոսքը, իհարկե, մայրական սիրո մասին է: Յուրաքանչյուր մարդու համար, աշխարհում ամենակարևոր էակը մայրն է ու դա ունի իր պատճառները: Մեր մեջ ամեն ինչ սկսվում է մորից, որովհետև գիտակցում ենք, որ նա է մեզ աշխարհ բերել, ու նվիրել ամենակարևորն ու ամենաթանկը` կյանքը: Աշխարհում ամենահետաքրքիր, ուժեղ, լուսավոր զգացողությունն է իր մեջ ամփոփում այդ սերը:

Գրեթե բոլորիս համար, մայրության խորհուրդը Սուրբ Աստվածածինն է: Մայրությունն անձնավորվում, կապվում և հանգում է Աստվածածնի կերպարին, քանի որ Սուրբ Տիրամայրը հենց այն բարձրագույն կետն է, վեհ կերպարը, որի մեջ կարելի է գտնել մարդու առաքինության բոլոր դրսևորումները: Կնոջ կյանքում մայրանալն ու զավակ ունենալը շատ կարևոր իրողություններ են, բայց պակաս կարևոր չէ նաև այդ զավակին մեծացնելը` որպես գիտակից քրիստոնյա ու օրինակելի կերպար հասարակության համար: Այդ դժվար ու պատասխանատու աշխատանքի ամենամեծ բաժինը իրենց վրա են վերցնում հենց մայրերը:

Ու պատահական չէ, որ մեր իրականության մեջ, մայրն առաջին հերթին, սրբության հետ է ասոցացվում, նա միակ մարդն է, ով կարող է նայել երեխայի աչքերի մեջ ու հասկանալ նրա սրտի ցավը, հասկանալ նրա ապրումները, հույզերը, անգամ մտքերը՝ որոնք չեն ասվում:

Նա այն մարդն է, ով աղոթքի ժամանակ միշտ առաջինն իր զավակի համար է Աստծուց երջանկություն խնդրում: Ու նրա կյանքի ամեն մի վայրկյանը լցված է զավակների մասին խնամքով: Մոռանալ սեփական երջանկությունը՝ ու ապրել երեխաների ապագան կառուցելու տենչով, ահա,՛ այսպիսին են մայրերը: Ու մենք մշտապես պարտք ենք նրանց այդ ամենի համար:

Հիշե՛ք, սիրո ոչ մի տեսակ այդքան մոտ չէ Աստծո հանդեպ մաքուր սիրուն, որքան անձնուրաց սերը, որ նվիրված մայրն ունի իր երեխայի հանդեպ:

Եվ, ի վերջո, կյանքը շարունակելը, ինչ-որ մի բանի կյանք տալն արդեն աստվածային նմանություն է, քանզի միայն Աստված կարող է կյանք պարգևել:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս