
«Քննադատություններից չեմ վախենում՝ ճիշտ որոշում եմ կայացրել». Ալեն Սիմոնյանը՝ պատգամավորներին պարգևավճարներ տալու մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև պատգամավորներին պարգևավճարներ տալուն և հայտարարել, որ դա իր որոշումն է եղել։
«30-ամյակին նվիրված ամբողջ պետական համակարգի բոլոր աշխատակիցները ստանալու են այդ վճարը, և ես որոշում եմ կայացրել, որ ԱԺ աշխատակազմը, ինչպես նաև պատգամավորները պետք է ՀՀ անկախության տոնի հետ կապված ստանան այդ վճարումները։ Ես տեսել եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները, նախ մի պահ հայտարարեցին, որ բյուջե են վերադարձնելու, հետո ասացին՝ ինչ-որ ծախսեր են անելու։ Ես կարող եմ ասել, որ իրենք իրենց մեջ որ փնտրեն, շատ ու շատ տարբեր գումարներ կարող են գտնել, որ պետք է վերադարձնեին բյուջե շատ ավելի շուտ, այլ ոչ թե այս մի քանի հարյուր հազար դրամի մասին մտածեին։ Իսկ եթե ինչ-որ բան էին ուզում անեին, վստահ եմ, իրենց մեջ կկարողանան գտնել շատ գումարներ, օրինակ՝ ինչ-որ սահմանամերձ գյուղում դպրոց վերանորոգելու համար։ Շահարկել հերթական անգամ այդ որոշումը տեղին չեմ համարում»,- շեշտեց Ա. Սիմոնյանը։
Ըստ նրա, պարգևավճարների համակարգում բնական է, որ պարգևավճարները չեն լինելու այն քանակով, որը եղել է նախկինում, որովհետև կարողացել են ինչ-որ ձևով բալանսի բերել և ծախսերը համակարգել։
«Ինչ վերաբերում է մնացածին, ես ասացի՝ դա իմ որոշումն է, և ես համարում եմ՝ ճիշտ որոշում եմ կայացրել և ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ՝որոշումը տեղին եմ համարում»,- եզրափակեց ԱԺ նախագահը։