«Այս գործողություններն ավելի շատ միտված է մարդկանց նյարդայնացնելու, նրանց հույզերի վրա ազդելուն». Ալեն Սիմոնյանը՝ Գորիս-կապան ճանապարհի միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղի ունեցածին, երբ ոստիկանական անցակետի մոտ զինված ադրբեջանցին երեխաների ավտոբուսն է կանգնեցնում, ավտոբուսի վրայից դանակով Արցախի դրոշը հեռացնում։
«Տեսել եմ, բայց կարծում եմ՝ որևէ մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, զինանշանը։ Կարելի է ասել, որ նման մանր գործողությունների ձևով միգուցե, բայց դա ապարդյուն գործ է, որն ավելի շատ միտված է մարդկանց նյարդայնացնելու, մարդկանց հույզերի վրա ազդելուն, բայց նորից եմ ասում՝ չի ստացվում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է խորհրդարանում հայ ռազմագերիների խոշտանգումների վերաբերյալ ՄԻՊ զեկույցը «հնարավորի տեսարաններ» անվանելուն, Ալեն Սիմոնյանը նկատեց. «Համարում եմ՝ ՄԻՊ աշխատանքը և մեր բոլորի աշխատանքը միջազգային կառույցներում և այն զեկույցները, որոնք կարող են մեր զինվորների, տղաների արժանապատվությանը կպնել, նվաստացնել՝ տեղին չէ ուղիղ եթերով հրապարակել։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մեր արժանապատվությունը և ինքնասիրությունը կարևոր բան է, և ուղիղ եթերում անընդհատ խոսել նվաստացուցիչ բաների մասին, որն իրեն թույլ տվեց այդ պատգամավորը՝ տեղին չեմ համարում։
Այո, համարում եմ, որ հրապարակային նման հայտարարություններ անելիս մենք պետք է համարենք դրանք հնարովի, ասենք, որ դրանք տեղ չունեն, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է պայքարենք և չպետք է այդ հարցը բարձրացնենք տարբեր ատյաններում։ Կարծում եմ՝ միտումնավոր խեղաթյուրվում է իմ ասածը, և այլևս լուրջ չեմ վերաբերվում այդ թեմային անդրադառնալը։ Կրկնում եմ՝ ինչ է նշանակում՝ ԱԺ ամբիոնից մոտ երկու րոպե նվաստացնել ինչ-որ տղայի։ Հա, բոլորս գիտենք նման դեպքերը և նման դեպքերի հետ կապված պետք է պայքարենք, այդ մարդիկ գալու են և ապրեն մեր հանրության մեջ, համաձայնեք, որ դա տեղին չէ, էլի»։