Սուրենավան գյուղի մոտ տեղի ունեցած պատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է
Արարատի մարզի քննչական վարչությունում Սուրենավան գյուղի մոտ տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի առթիվ քննված քրեական գործով իրականացված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են պատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
2021թ. հունիսի 16-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ավտոճանապարհի 320 կմ-ին` Արարատի մարզի Սուրենավան գյուղի հատվածում, բախվել էր «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Toyota Land Cruiser»-ի վարորդը և ուղևորը, ինչպես նաև «Վազ 2121»-ի անչափահաս վարորդը՝ ծնված 2007թ., ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ 2021թ. հունիսի 16-ին ՀՀ ոստիկանության ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր Արարատի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, ինչպես նաև՝ կատարված դատաավտոտեխնիկական փորձաքննությամբ պարզվել է, որ «Վազ 2121» ավտոմեքենան, մանևրելով մուտք գործելով երթևեկելի ուղեմաս, տեխնիկական տեսակետից խոչընդոտել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդի երթևեկությանը, ինչի հետևանքով էլ բախվել են միմյանց: Ըստ փորձագետի՝ «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը թույլ է տվել գործողություններ, որոնք տեխնիկական տեսակետից հակասել են ՃԵԿ-ի 36-րդ և 39-րդ կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնցով էլ պայմանավորվել է տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:
Ձեռք բերված տվյալների վրելուծության արդյունքները հիմք են տալիս եզրակացնել, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել և նրա կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին ու պայմանավորված լինեին տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացմամբ, չեն դիտվում:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 9-րդ կետերով, ինչպես նաև՝ 55-րդ, 261-րդ, 262-րդ հոդվածներով՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին: