ՄՕԿ-ը չի բացառում Փարիզ-2024-ի ծրագրից բռնցքամարտը հանելը
Միջազգային օլիմպիական կոմիտեն հստակ որոշում չունի բռնցքամարտը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում թողնելու հարցի շուրջ:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, Միջազգային օլիմպիական կոմիտեն AIBA- ի ղեկավար Ումար Կրեմլյովին նամակ է հղել, որտեղ կրկին մտահոգություն է հայտնել բարեփոխումների առթիվ: ՄՕԿ-ը երկմտում է «Փարիզ-2024»-ում բռնցքամարտը օլիմպիական խաղերի ծրագրում թողնելու հարցում: Խնդիրներն առնչվում են, մասնավորապես, մրցավարությանը, ֆինանսավորմանը և այլ ոլորտների:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան արդեն աշխատում է լայնածավալ փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ, և բավականին առաջընթաց կա այդ գործում: Աշխատանքներում ներգրավված են անկախ փորձագետներ:
Նամակում նաև ասվում է, որ կազմակերպության ղեկավար կազմում փոփոխություններ դեռևս չկան: ՄՕԿ-ն արդեն մի շարք բողոքներ է ստացել վերջին շրջանում տեղի ունեցած մրցումների վերաբերյալ և հույս ունի, որ առաջիկայում կայանալիք աշխարհի առաջնությունում մրցավարական հարցերը դրական լուծում կստանան: