
Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժածը ի վիճակի չէր բացատրություն տալու

Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Աճառյան փողոցում։
Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժածը ի վիճակի չէր բացատրություն տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 20.00-ին,
Բաբաջանյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է Աճառյան փողոցի 18-ամյա բնակիչը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 16-ին, ժամը 11.15-ին, ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։