
Նոր Զելանդիան թույլ չի տա ավստրալական սուզանավերի մուտքը երկրի տարածքային ջրեր

Ուժի մեջ է մնում Նոր Զելանդիայի արգելքը երկրի տարածքային ջրեր ավստրալական սուզանավերի մուտքի վրա, չնայած AUKUS դաշինքի (Ավստրալիա- Մեծ Բրիտանիա-ԱՄՆ) շրջանակներում ատոմային սուզանավերի կառուցման վերաբերյալ Ավստրալիայի որոշմանը: Այդ մասին հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդրա Արդեռնը։
1984 թվականից Նոր Զելանդիայի իշխանություններն սկսել են իրականացնել «միջուկազերծ գոտու» քաղաքականություն, որի շրջանակներում արգելվել է միջուկային զենքով նավերի մուտքը երկրի տարածքային ջրեր: 1987 թվականին այդ դրույթներն ընդլայնվել են եւ ամրագրվել օրենսդրությամբ:
«Այդ պայմանավորվածության (AUKUS) կենտրոնական տարրը ատոմային սուզանավերի կառուցումն է, որոնք բազավորվելու են Աստրալիայի սահմաններից դուրս: Ավստրալիայի վարչապետ Մորիսոնը հասկանում է մեր դիրքորոշումն ատոմային սուզանավերի եւ միջուկային զենքի վերաբերյալ, դա, իհարկե, նշանակում է, որ նրանք (երկրները) հասկացել են մեր հավանական դիրքորոշումը»,-ճեպազրույցում հայտարարել է Արդեռնը. տեսագրությունը զետեղված է նրա Facebook-ում:
Վարչապետի խոսքով՝ ինչպես նորզելանդացիները, այնպես էլ ավստրալացիները լավ գիտակցում են, թե ինչու Նոր Զելանդիան «չէր ցանկանա լինել նախագծի մի մաս»: Վարչապետն ընդգծել է, որ Նոր Զելանդիան ունի իր սեփական արտաքին քաղաքականությունը, որը հիմնվում էԽաղաօվկիանոսյան տարածաշրջանում կայունության եւ «սկզբունքների վրա հիմնված կարգուկանոնի վրա»:
«Խոսքը մեզ համար մեր ներքին ջրերի մասին է, որտեղ մենք ունենք իրավասություն, եւ այդ պատճառով ենք մենք այդպիսի դիրք գրավել»,-նշել է վարչապետը:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Ավստրալիան առնվազն ութ ատոմային սուզանավ կստանա AUKUS պաշտպանական դաշինքի (Ավստրալիա- Մեծ Բրիտանիա-ԱՄՆ) շրջանակներում: Սեպտեմբերի 15-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը համատեղ հայտարարություն են հրապարակել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը: Այս դաշինքի շրջանակներում առաջին նախաձեռնությունը կդառնա ատոմային սուզանավերի ստեղծումն Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: