Բաժիններ՝

Հնարավոր է՝ Ալավերդու պղնձաձուլարանի մի մասը կրկին աշխատի. Աշխատավարձերը դեռևս չեն վճարել

Ալավերդու պղնձաձուլարանի մոտ 200 աշխատակից 2020 թվականի մարտ ամսից սպասում է մեկ ամսվա աշխատավարձին ու վերջնահաշվարկին:

2020թ. մայիսի կեսին նրանց խոստացել էին երեք ամսվա ընթացքում մարել բոլոր պարտքերը, սակայն, երբ գնացել էին սնանկության գործով կառավարչի հետ խոսելու՝ ցնցող պատասխան էին ստացել.

«Ասաց՝ հայոց այբուբենում ունենք «և», «օ», «ֆ» տառերը, վերջնահաշվարկը կլինի այն ժամանակ, երբ հասնենք վերջին տառերին, հատկապես «Ֆ»-ին: Հիմա իրենք ասացին՝ նոր «Ա» տառի մոտ են: Դե, մի 36 տարուց երևի հասնեն «Ֆ»-ին: Այնպես էլ սիրուն նստել, բացատրում է, թե «Ա» տառից սկսում ենք, դա մի գործընթաց է, որը պետք է կատարվի: 2020 թվականի հունվարի 10-ից վերջնահաշվարկ են արել, բայց 150-200 աշխատակցի ոչ վերջնահաշվարկն են տվել, ոչ էլ մեկ ամսվա աշխատավարձը։ Մենակ ասում են՝ լավ կլինի: Դեռ դատն ընթանում է, երկու անգամ նամակ ենք ստացել, որտեղ գրված է, որ դեռևս դատական գործընթաց է գնում, պետք է սպասենք»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում պատմել էին պղնձաձուլարանի նախկին աշխատակիցները:

Ամեն դեպքում, ինչքան կարողացել՝ այբուբենն արտասանել են, բայց աշխատավարձի մասին խոսք չկա. Փոխարենը՝ լավ լուր են հայտնել՝ գործարանի մի մասը, հնարավոր է՝ աշխատի:

«Այս մի քանի օրն է՝ լուրեր են տարածվել, որ հնարավոր է՝ գործարանի մի մասը՝ աղացագնդերի արտադրամասը, կրկին աշխատի. հանքաքար ջարդենք և այլն: Սակայն դեռ կոնկրետ որևէ օր չեն նշել»,- հայտնեցին նախկին աշխատակիցները:

Հիշեցնենք, որ «Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանն արգելանք կիրառել էր դեռևս այն ժամանակ, երբ այն գործում էր «Վալլեքս» խմբի կազմում:

Ընկերության կենսաթոշակի անցած կամ աշխատանքային պայմանագրերը լուծված մի քանի աշխատակից դիմել է դատարան՝ վիճարկելով տարիներ առաջ իրենց արձակուրդային վճարների հաշվարկների և ստացած գումարների որոշակի ուշացումների հարցը: Դատարանը, մինչև դատական գործընթացների ավարտը, արգելանք է կիրառել ընկերության հաշիվների վրա։

Հավելենք, որ 2018թ. հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը: Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս