Բաժիններ՝

ԱԺ-ում հոկտեմբերի 1-ից չպատվաստվածներին թույլ չեն տա մտնել շենք, իսկ Արսեն Թորոսյանն անձամբ է վերահսկում

Այսօր 168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր այն մասին, որ պետական գերատեսչություններում, կրթական հաստատություններում աշխատակիցներին ստիպում են ամեն գնով պատվաստվել, և, որ հոկտեմբերի 1-ից չպատվաստված ու չթեստավորված աշխատակիցներին թույլ չեն տալու մտնել իրենց աշխատանքի վայր, և վերջիններս կազատվեն աշխատանքից բացակայելու հիմքով:

Նոր էր հրապարակվել նյութը, երբ 168.am-ի Ազգային ժողովին (ԱԺ) մոտ գտնվող աղբյուրներից տեղեկություն ստացանք, որ Խորհրդարանում արդեն իսկ սկսվել են  մարդկանց ստիպողաբար պատվաստումները:

Մեր ձեռքի տակ է հայտնվել ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի շրջաբերականն ԱԺ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, խմբակցությունների ղեկավարներին, մշտական հանձնաժողովների նախագահներին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, որով  վերջինս, վկայակոչելով առողջապահության նախարարի հրամանը, ցանկանում է ստանալ վերը նշված անձանց ենթակայության տակ եղող չպատվաստված աշխատողների տվյալները:

Մեզ ասացին, որ այդ տվյալներն աշխատակազմի ղեկավարին պետք են, որովհետև ԱԺ ղեկավարությունը մտադիր է հոկտեմբերի 1-ի չպատվաստված աշխատակիցների՝ ԱԺ մուտքի քարտերն արգելափակել, որ վերջիններս չկարողանան մտնել ԱԺ շենք: Մնացածը՝ ըստ նախապես հայտարարված սցենարի:

Եվս մեկ ուշագրավ փաստի մասին պատմեցին մեզ, որն այսօր տեղի է ունեցել ԱԺ-ում: Խորհրդարան է ժամանել շտապ բուժօգնության բրիգադ, որն Ազգային ժողովի 119 համարը կրող սենյակում գրեթե ստիպողաբար պատվաստել է ԱԺ թվով 45 աշխատակիցների:

Հատկանշական է, որ այս սենյակի ուղիղ դեմ դիմաց գտնվում է առողջապահության նախկին նախարար, ներկայումս ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի աշխատասենյակը, և վերջինս, մեզ հասած տեղեկություններով, վերահսկել է պատվաստման ողջ գործընթացը:

Այս պատմության ողջ ողբերգականության մեջ մի բան է անհասկանալի ու նաև զավեշտալի: Ազգային ժողովում պատվաստումների պատասխանատվությունը դրված է ԱԺ աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային ծրագրերի ու քաղաքացիական պաշտպանության բաժնի վրա: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս